211652_close_icon
views-count394 դիտում article-date 09:48 24-10-2026

ՀՀ կառավարության աջակցությամբ, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ, շուտով կբացվի ՀՀ-ում նմանը չունեցող բազմաֆունկցիոնալ այգի, որը լուսային էֆեկտների շնորհիվ հեքիաթային տեսք է ստանում երեկոյան ժամերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում շուրջ 1 հեկտար տարածք ընդգրկող ժամանակակից այգին իսկական հեքիաթային տեսք է ստանում հատկապես երեկոյան ժամերին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ կառավարության աջակցությամբ, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի ու նրա աշխատակազմի, ինչու չէ, նաև ողջ ապարանցիների ամենօրյա, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին կատարած աշխատանքի արդյունքում արդեն տեսանելի է տարիներ առաջ շինարարական ու կենցաղային աղբով պատված տարածքում ստեղծված հեքիաթային մի աշխարհ։

Այնտեղ տեղադրվել են նաև հազարավոր էներգախնայող LED լամպեր ու լուսավորության ժամանակակից համակարգեր, որոնք տարածքը դարձնում են ոչ պակաս գրավիչ, ջերմ ու լուսավոր, և տեսանելի է, որ գիշերային ժամերին գտնվում ես լույսերի հրավառության հեքիաթում։

Ճաշակով ընտրված լուսային լուծումներն ընդգծում են ճեմուղիների, կանաչապատ գոտիների ու խաղահրապարակների ամբողջ գեղեցկությունը՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ երեկոյան զբոսանքների համար։

Բազմաֆունկցիոնալ այգին ներառում է տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, մարզասարքեր, ամֆիթատրոն, ճեմուղի, կանաչապատ տարածք, ընտանի կենդանիների համար նախատեսված հատված և ավտոկայանատեղի։ Այն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունի ներառական մարզասարքեր, ինչպես նաև նոր սերնդի խաղասարքեր, որոնք իրենց տեսակով միակն են Հայաստանում։

Նորակառույց լուսավոր այգին առաջիկայում դառնալու է ինչպես բնակիչների ամենասիրված երեկոյան հավաքատեղին, այնպես էլ մշակութային միջոցառումների անցկացման հիմնական վայրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, առաջիկայում Ապարան քաղաքում իր դռները կբացի տարածաշրջանում նմանը չունեցող խաղահրապարակներով, զվարճանքի և հանգստի գոտիներով, մարզական ենթակառուցվածքներով, ֆուտբոլի, բասկետբոլի համար նախատեսված հատվածներով արդեն ապարանցիների համար քաղաքի ամենախորհրդանշական վայրերից մեկը դարձած ժամանցի այգին։

Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները նույնիսկ չեն դադարում հանգստյան օրերին։ Շաբաթը և կիրակին Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ շինհրապարակի վերածված այդ հսկայական տարածքում աշխատանքային եռուզեռը սկսվում է վաղ առավոտյան և ավարտվում մինչև մութը ընկնելը։

Մինչ այդ այս հրաշք ժամանցի այգու տարածքից հարյուրից ավելի բեռնատարներով հեռացվել էր մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ։ Անգամ տարածքում տիրում էր տհաճ տեսարան, ու երբ քաղաքապետ Կ․ Եղիազարյանը ՀՀ Կառավարության աջակցությամբ, պետության կողմից սուբվենցիոն համագործակցություն ստանալու շրջանակում, սկսեց այդ տարածքը մաքրել տարատեսակ աղբից, գտնվեցին մեկ-երկու «ուղեղից թոփալներ», ովքեր փորձում էին Կառավարության ու Ապարանի քաղաքապետարանի ձեռնարկած հրաշք գործը սխալ ներկայացնել՝ տարածելով սուտ տեղեկություններ, թե քաղաքապետ Կ․ Եղիազարյանը այդ տարածքի վրա աչք է դրել ու մաքրելուց հետո ինչ-որ «օբյեկտ» է կառուցելու, ու հաշված օրերի ընթացքում նման տեղեկություններ տարածողներին սպասվում էին հուսախաբություն, քանի որ շինարարության ընթացքը այլ բան էր ցույց տալիս։

Ֆոտոլրագրողը հայտել էր, որ երեխաների համար կան նաև գեղեցիկ խաղային սարքեր, որոնց նմանը Հայաստանի ոչ մի մարզում չես գտնի։ Ամայի այդ տարածքում նաև տնկվել էին 700-ից ավելի տարբեր տեսակի ծառեր։

Ամբողջ տարածքը նաև հագեցված է արտաքին լեդ լույսերով, տեղադրվել են նաև առանձին արևային վահանակներ, ինչը հնարավորություն կտա, որ ամբողջ տարածքը շուրջօրյա հոսանքի խնդիր չունենա, նաև կառուցվել են երեխաների, կանանց և տղամարդկանց համար առանձին սանհանգույցներ, հսկայական աշխատանքներ են կատարվել նաև շենքերի արտաքին պատերի մաքրման, փոխարենը տեսանելի պատերին նաև հետաքրքիր գունային նկարազարդումներ ու լուսային էֆեկտներ են ամրացրել, ու ժամանցի այգում բացվելու է նաև ամֆիթատրոն։

Երեխաների համար հաշվի են առնվել նաև անվտանգության բոլոր կանոնները, հատուկ երեսպատված քայլուղիներում, խաղային հատվածներում տեղադրվել են փափուկ ռետինե հատակներ։

Մի խոսքով՝ Հանրապետությունում իր նմանը չունեցող այս հրաշք ժամանցի այգու բացման արարողությունից հետո այստեղ «ասեղ գցելու տեղ» չի լինելու։ Այցելուներ են լինելու ոչ միայն Ապարանի ու հարակից վարչական բնակավայրերից, այլ նաև մայրաքաղաքից ու մարզերից։


Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր