Սոչիի Վարդան գյուղում 100 միգրանտ հացադուլ է հայտարարել
Ավելի քան 100 միգրանտ Սոչիի Վարդան գյուղում հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների հարցերով հարավային կենտրոնի ներկայացուցիչ Սեմյոն Սիմոնովը:
Ըստ նրա՝ միգրանտները բողոքում են արտաքսման կենտրոնից դուրս գալու ձգձգումների պատճառով, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Դաշնային միգրացիոն ծառայության պարտականությունները այսուհետ փոխանցվում են Ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանմանը:
Հայրենիքի վերադարձին սպասողների մեծ մասը Տաջիկստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Չինաստանի քաղաքացիներ են: Նրանք հայտնել են, որ իրենց խցերը հրաժարվում են սանմաքրման ենթարկել փայտոջիլներից:
Միգրանտների մեծ մասը պատրաստ է հայրենիք արտաքսվել սեփական միջոցներով, սակայն նրանց չեն հասցնում օդանավակայան:
Հացադուլը կարող է վերածվել ապստամբության,- հայտնել է Ս. Սիմոնովը՝ «Эхо Москвы» ռադիոլրատվականին տված հարցազրույցում:
Դա տեղի կունենա այն դեպքում, եթե իրավապահ մարմինները չկարողանան լուծել միգրանտների խնդիրները,- հավելել է նա:
Նշենք, որ միգրանտների համար ժամանակավոր կացության կենտրոնը բացվել է Սոչիում 2013 թվականի աշնանը: Սույն տարվա հուլիսին ի նշան բողոքի՝ Վրաստանի քաղաքացին կարել էր բերանը: