211652_close_icon
views-count39669 դիտում article-date 21:03 19-08-2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը: Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր մշտական ուշադրության կենտրոնում է պահում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը: «Մենք մեծապես կարևորում ենք նման խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագրին և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի և հանքի շինարարությունը կավարտվի գալիք երկու տարիների ընթացքում: Անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը ծրագրի շինարարության մեկնարկն է, ինչի համար, որպես կառավարության ղեկավար, ուրախ եմ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը և կարևորել այս խոշոր ծրագրի մեկնարկը: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը ծրագրին և համոզմունք հայտնել, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար, իսկ նոր աշխատատեղերը կնպաստեն մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման իրականացումը միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան և հանքի շահագործումը նորագույն տեխնոլոգիաներով: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորել է Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ վստահության և շարունակական աջակցության համար: Միջոցառմանը ներկա են եղել կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Վայոց ձորում վարչապետ Աբրահամյանն այցելել է նաև սահմանամերձ Խնձորուտ համայնք, հանդիպել տեղի բնակչությանը, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի: Վարչապետն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում և պետությունը շարունակելու է ենթակառուցվածքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր