211652_close_icon
views-count6208 դիտում article-date 22:43 18-12-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ վարչապետը նշել է. «Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում: Ձեր գործունեությունն ունի իր առանձնահատկությունը, քանի որ հաճախ այն անտեսանելի է քաղաքացու համար, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց: Երբեմն էլ ձեր աշխատանքն ու սխրանքները մնում են գաղտնի, չնայած նրան, որ դրանք էական ազդեցություն են թողնում պետության անվտանգության և զարգացման հետագա ընթացքի վրա: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տարիներ ի վեր պատվով և մեծ հաջողությամբ է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտահրավերներին: Այդ համատեքստում, մեծ գնահատանքի է արժանի բոլորովին վերջերս Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման օպերացիան, որն իրականացվեց Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության համատեղ ջանքերով: Առիթից օգտվելով՝ երախտագիտության խոսքեր եմ ուզում հղել իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով մեր երկրի պետականությանն ու հասարակության անվտանգությանը սպառնացող վտանգը վնասազերծելու գործն իրականացրած բոլոր աշխատակիցներին: ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ԱԱԾ աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական խնդիրները, և վստահեցնում եմ, որ այսուհետ ևս շարունակելու ենք դրանց բարելավմանն ուղղված քաղաքականությունն ու քայլերը: Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և մաղթել քաջառողջություն և աշխատանքային հետագա հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության»: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մատուցած նշանակալի ծառայությունների համար ԱԱԾ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիկոպոսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Երկրորդ աստիճանի» մեդալով են պարգևատրվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արամ Հակոբյանը, Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, Ա վարչության պետ, գնդապետ Վահան Թադևոսյանը: «Մարտական ծառայության» մեդալով են պարգևատրվել ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արմեն Հակոբյանը, Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ, գնդապետ Սամվել Հարությունյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետ, գնդապետ Աշոտ Պետրոսյանը, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը, Հակահետախուզության գլխավոր վարչության գործող պահեստազորի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հրաչյա Եգանյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Ավետիսյանը: ՀՀ նախագահի պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով: ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևարտրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր