Ռիո-2016. Գոռ Մինասյանը Հայաստանի համար ֆանտաստիկ օրն ավարտեց արծաթե մեդալով
Չափազանց բեղմնավոր ստացվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի 11-րդ օրը Հայաստանի համար: Միհրան Հարությունյանի և Արթուր Ալեքսանյանի փառահեղ մրցելույթներից հետո օրն ավարտվեց ծանրամարտի գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանի արծաթե մեդալով:
22-ամյա ծանրորդը +105 կգ քաշային կարգի պոկում վարժությունում 210 կգ-ով գրավեց 2-րդ արդյունքը: Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 241 կգ և երկամարտի 451 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Ռուբեն Ալեքսանյանը, 440 կգ ընդհանուր ցուցանիշով գրավեց չորրորդ տեղը:
Այս այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն, որը ֆենոմենալ արդյունքներ ցույց տվեց: Վրաց ծանրամարտիկը երկամարտում արդյունքնեորվ գրանցեց 473 կգ՝ սահմանելով աշխարհի ռեկորդ: Սա մեկ կիլոգրամով ավել էր իրանցի լեգենդար ծանրորդ Հուսեյն Ռեզազադեի ռեկորդից (472 կգ):
Այսպիսով, Հայաստանն այս պահի դրությամբ Ռիոյի օլիմպիական խաղերում արդեն նվաճել է 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:
[b]Ռիո-2016, ծանրամարտ
[/b]
Տղամարդիկ, +105 կգ
1. Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 473 կգ`աշխարհի ռեկորդ (պոկում՝ 215+ հրում՝ 258)
2. Գոռ Մինասյան (Հայաստան)՝ 451 կգ (210+241)
3. Իրակլի Տուրմանիձե (Վրաստան)՝ 448 կգ (207+241)
4. Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 440 կգ (195+245)