Ռուսաստանը «սղոցում է ՆԱՏՕ-ի նյարդերը». The Times
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաշտեցումից հետո Ղրիմում նորագույն հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը նպատակ ունի «սղոցել ՆԱՏՕ-ի նյարդերը»,-գրում է բրիտանական The Times հեղինակավոր պարբերականը։
Հոդվածում նշվում է, որ ՌԴ ռազմական ներկայության ընդլայնումը և Թուրքիայի հետ հարաբերությունների լավացումը ստիպում է մտածել, որ Կրեմլը հերթական ծրագիրն է մշակել։ Պուտինի՝ ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովի պաշտոնանկության մասին որոշումը ևս մեկ անսպասելի ժեստ էր, որը խճճեց ռուսական քաղաքականությունը վերլուծողների մտքերը։
Վերջիններիս խոսքով՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ում առկա և հետագա ցանկացած տարաձայնություն օգտագործելու է ի օգուտ իրեն։ Թերթը գտնում է, որ ՆԱՏՕ-ի հայտարարությունն այն մասին, որ կառույցին Թուրքիայի անդամակցությունը չի վիճարկվում, միայն ուժեղացրել է զգացողությունը, որ Անկարան հետզհետե հեռանում է Արևմուտքից։