Մենք չպետք է ահաբեկվենք Թուրքիայի ակտիվությունից, քանի որ նա ԵԱՀԿ ՄԽ-ում չի կարող դառնալ համանախագահ երկիր. Կ. Բեքարյան
ԱԺ հանրապետական պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանի մեկնաբանությամբ` որքան էլ վերջին շրջանում նկատելի լինի ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ թուրքական կողմի ակտիվությունը, դրանից ահաբեկվել պետք չէ, քանի որ ԵԱՀԿ անդամ երկիր Թուրքիան չի կարող դառնալ ՄԽ համանախագահ երկիր:
«Թուրքիան, միգուցե, կուզենար, բայց հակամարտող կողմերից մեկը հաստատ չէր ուզենա։ Հետևաբար, եթե կողմերից մեկը չի ցանկանում, ապա դա երբեք տեղի չի կարող ունենալ։ Այսինքն՝ Թուրքիան երբեք չի կարող լինել Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- վստահ է Կարեն Բեքարյանը:
Հիշեցնենք, որ Բաքվում Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի նախագահների հանդիպումից ու էներգետիկ ոլորտում հուշագրի ստորագրումից հետո կայացավ Պուտին-Էրդողան հանդիպումը, ինչից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարեց, թե Ղարաբաղյան հակամարտությունը քննարկվելու է Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով։ Իսկ Ռեջեփ Թայիփ էրդողանը թուրքական մամուլին ասել է, թե «ներկա պահին նախագահ Վլադիմիր Պուտինը «աշխատում է Ղարաբաղյան խնդրում տեղաշարժի վրա ու հպանցիկ անդրադարձել 5 շրջանների վերադարձման անհրաժեշտությանը»: