16784 դիտում
23:00 31-07-2016
Պանտագրյուելը և Սասնա Ծռերը
Վերածննդի դրաշրջանի ֆրանսիացի գրող եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբան Ֆրանսուա Ռաբլեն (ֆր.՝ François Rabelais) «Գարգանտյուան և Պանտագրյուելը» (ֆր.՝ La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel) հանրաճանաչ վեպում անդրադարձել է Հայաստանի պատմությանը՝ Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն: Ռաբլեն նշում է նաև Հայոց Արտաշես արքայի անունը՝ գրելով այն, ինչպես արտասանվում է հայերեն:
Ռաբլեի պապը եղել է ունևոր գյուղացի և զբաղվել, խաղողագործությամբ, իսկ հայրը՝ Անտուան Ռաբլեն, զբաղվել է իրավաբանությամբ: Ռաբլեն նախնական կրթությունը ստացել է հոգևոր դպրոցում, սկզբում Սևիլիայի աբբայությունում, հետագայում՝ Անժերի մոտ գտնվող Բոմետ վանքի դպրոցում: Սովորել է լատիներեն, ուսումնասիրել է նաև հունարեն և իտալերեն լեզուները:
Ֆրանսուա Ռաբլեն երիտասարդ տարիներին Պուատյե քաղաքի Ֆրանսիսկյան միաբանության անդամ էր: 1525 թվականին հեռանում է միաբանությունից: Պուատյեում ուսումնասիրում է իրավունք, Մոնպելյեում՝ բժշկություն: 1532 թվականին հրատարակում է անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը: 1537 թվականին ստանում է բժշկագիտության դոկտորի կոչում: Որպես բժիշկ աշխատում է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում, լինում է կարդինալ Ժան դյու Բելի անձնական բժիշկը:
[img]/ups/images/0808234001469973122197906.jpg[/img]
[i]Ֆրանսուա Ռաբլե[/i]
1532 թվականին հրատարակվում են «Պանտագրյուել» երգիծական վեպի 1-ին, 1533 թվականին՝ 2-րդ մասերը: Իր մտահղացման հաջողությամբ ոգեշնչված՝ Ռաբլեն 1534 թ. լույս է ընծայում նաև պատմության սկիզբը, որը կոչված էր փոխարինելու ժողովորդական գրքի նյութը և վերնագրվում է «Գարգանտյուա»: Այն պատմում է Գարգանտյուայի մասին: Այստեղ Ռաբլեն պահպանում է սկզբնաղբյուրի միայն մի քանի մոտիվներ՝ Գարգանտյուայի և նրա հայր Գրանգուզոյի հսկայական չափերը, Գարգանտյուայի ուղևորությունը հսկա ձիու վրա և Նոտր Դամի զանգերի առևանգումը: Գարգանտյուայի դաստիարակությունը բացահայտում է հին սխոլաստիկական և նոր հումանիստական մեթոդների տարբերությունը: Մագիստրոս Յոնատուս Բրագմարդոյի ճառը, որը նա արտասանում է՝ խնդրելով Գարգանտյուային վերադարձնել զանգերը, սորբոնականների դատարկաբան ճարտասանության հրաշալի ծաղրանմանակում է: «Գարգանտյուա» գիրքը լույս է տեսնում Ալկոֆրիբաս Նազյո կեղծանվամբ, որոնք իշխանություններն արգելում են: Ռաբլեն պատժից խուսափելու համար թաքնվում է: Սորբոնի համալսարանը գիրքը դատապարտում է անպարկեշտության համար:
[img]/ups/images/0939298001469973136784162.jpg[/img]
«Բարի Պանտագրյուելի գործերի և ասույթների» գիրքը լույս է տեսնում մեծ ընդմիջումից հետո 1546 թ.: Այն էականորեն տարբերվում է նախորդ գրքերից: Այստեղ նկարագրվում է Պանտագրյուելի կողմից դիփսոդների (ծարավների) երկրի խաղաղ գաղութացումը: Դրանց հետևում է Պանտագրյուելի ընկեր Պանուրգի ցոփության դրվագը, երբ նա երկու շաբաթում կարողանում է ծախսել առաջիկա երեք տարիների իր եկամուտը:
[img]/ups/images/0590028001469973147735949.jpg[/img]
Գործողություններն այսքանով սահմանափակվում են և դրանց հաջորդում են ամեն տեսակ զրույցներ և դատողություններ, որտեղ Ռաբլեն դրսևորում է իր ուսյալությունը: Հարցերի հարցն է Պանուրգի հետևյալ անորոշությունը. Նա չի կարողանում որոշել՝ ամուսնանալ, թե՞ ոչ: Բանն այն է, որ նա շատ է վախենում եղջյուրներից: Նրան չեն կարողանում օգնել ոչ փիլիսոփաները, ոչ դատավոր Բրիդուան, որը բոլոր հարցերը լուծում է խաղաքարի նետման օգնությամբ: Պանտագրյուելիզմը, որով «լեցուն է» գիրքը, գլխավոր հերոսի կյանքի նկատմամբ հավասարակշռված, անգամ անտարբեր վերաբերմունքն է:
[img]/ups/images/0957677001469973220727991.jpg[/img]
«Պանտագրյուելի» չորրորդ գրքում պատմվում է Պանուրգի և իր ընկերների ծովային ուղևորության մասին դեպի Չինաստան, որտեղ ապրում է Աստվածային շշի պատգամախոսը: Միայն նա կարող է վերջնական լուծում տալ Պանուրգին հուզող հարցին: Այս գրքում իրականը և ֆանտաստիկականը միախառնված են: Ռաբլեն մեծ տեղ է տալիս այլաբանությանը: Ճանապարհորդները հերթով այցելում են նախ Պրոկուրացիայի կղզին, որտեղ բնակվում են ամբաստանողներն ու դատասերները, Կարեմպրենան կղզին, որտեղ պահվում է կաթոլիկական ծոմը և դրա հարևան-թշնամի՝ երշիկների կղզին: Այցելում են կալվինականների կղզին և պապամոլների կղզին, որտեղ թագավորում է մեսիր Գաստերը (պարոն Ստամոքսը):
[img]/ups/images/0061708001469973234438487.jpg[/img]
Ռաբլեի մահից տաս տարի անց նրա անվամբ լույս է տեսնում «Հնչեղ կղզի» վերնագրով գիրքը, իսկ ևս երկու տարի անց՝ «Հինգերորդ գիրքը», որի սկիզբն է «Հնչեղ կղզին»: Պատմվում է Պանուրգի ճանապարհորդության վերջավորության մասին: Ամենից ուշագրավն է Հնչեղ կղզու այցելությունը. Այստեղ ճանապարհորդները հանդիպում են վանդակներում պահվող բազմաթիվ թռչունների, որոնք խժռում են կղեարականների, եպիսկոպոսների, աբբաների և այլն: Լինում են թավշամորթ կատուների կղզում. Այստեղ ապրում են դատավորները, որոնք սնվում են փոքրիկ երեխաներով: Լինում են Կվինտեսենցիայի թագավորությունում, որտեղ սխոլաստիկայի հետևորդները սնվում են կատեգորիաներով, հասկացություններով, եզրահանգումներով և դատարկախոսությամբ: Վերջապես հասնում են Կախարդական շշի պատգամախոսի մոտ, որը պատասխանի փոխարեն ասում է Պանուրգին «տրինկ», այսինքն՝ «խմիր»: Սա կարելի է հասկանալ տարբեր կերպ, չէ՞ որ պատգամախոսի խոսքը պիտի մեկնաբանվի: Պանուրգի բնավորություն ունեցողը կարող է սա հասկանալ որպես հարբերցողության կոչ, սակայն այլաբանությունը սովորեցնում է, որ հարկ է խմել «իմաստության աղբյուրից»:
[img]/ups/images/0317134001469973256978553.jpg[/img]
Ռաբլեն «Պանտագրյուելիզմը» (այսինքն՝ հումանիզմը (մարդասիրությունը)) բնութագրում է որպես «խոր և աննկուն կենսուրախություն, որի հանդեպ անզոր է ամենայն անցողիկը»: Պանտագրյուելիզմը գեղարվեստորեն ներկայացված է վեպի երկու գլխավոր կերպարների՝ բարի-հսկա-շատակեր-թագավոր Պանտագրյուելի (գիտելիքներ տենչացողի), որը մշտապես անվրդով է ճակատագրի ամեն տեսակ փոփոխականությունների, «ամենայն անցողիկի» հանդեպ (մարդկության իդեալական ապագայի մարմնավորումը, Վերածննդի իդեալը), և նրա մտերիմ ընկեր և ուղեկից, անդադրում թափառաշրջիկ, ճշմարտություն որոնող Պանուրգի (բեկման դարաշրջանի իրական ժողովուրդը մարմնավորողի) կերպարների մեջ։ Իսկ Ժանը մարմնավորում է բողոքականությունը (կերպարը Ժան է կոչվել բողոքականության հիմնադիրներից մեկի՝ Ժան Կալվինի անվամբ):
[img]/ups/images/0627201001469973274992587.png[/img]
[i]Ժան Կալվին[/i]
Ընդհանրապես, «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպում բոլոր կերպարները հավաքական-ընդհանրական-խորհրդանշական են: Այդ պատճառով Ֆրանսուա Ռաբլեն համարվում է գրականության մեջ ռեալիզմի հինադիրներից մեկը: Համաշխարհային գրականության մեջ Ռաբլեն զավեշտականի մեծագույն հանճարներից է: Ինչպես վեպի սյուժեն, այնպես էլ նրա ծիծաղն իր ակունքներով, գրելաձևով և ոգով սնվում է ժողովրդական ստեղծագործությունից:
[img]/ups/images/0071334001469973295623847.jpg[/img]
Ռաբլեի զավեշտական արվեստի նախասիրած եղանակը չափազանցությունն է: Մարդկային և սոցիալական արատները աներևակայելիորեն միակողմանի, հրեշավոր և միաժամանակ զգայականորեն ակնառու ծիծաղաշարժ գրոտեսկով են պատկերված: Ռաբլեի խորապես կենսուրախ ծիծաղը չար ծաղր չէ: Դա բազմանշանակ երանգներով, բայց միշտ կայտառ, խնդուն, «զուտ զավեշտական» տոնական ծիծաղ է, ինչպիսին լինում է դիմակահանդեսներում: Ռաբլեական զավեշտականի ազդեցությունը այսօր էլ նկատելի է ֆրանսիական գրականության մեջ և մշակույթում:
[img]/ups/images/075536400146997332559124.jpg[/img]
Ծաղրական տարրից բացի գրքում տիրապետող են նաև հումանիստական միտումները՝ Սորբոնի համալսարանի դոկտորների սխոլաստիկական ուսյալության ծաղրանմանակումը, ինչպես նաև գրքի տասներեքերորդ գլխում Գարգանտյուայի որդուն ուղղված նամակը, որը գիտությունների ջատագովություն է: Ռաբլեի գրքի հիմնական ակունքը ժողովրդական բանահյուսությունն է, ինչպես նաև միջնադարյան ֆաբլիոները, «Վարդի վեպը» և Ֆրանսուա Վիյոնի քնարերգությունը: Անցյալի մեծ այրերից Ռաբլեն ամենից շատ գնահատում է Դեմոսթենեսին, Արիստոփանեսին և Էպիկտետոսին: Իսկ Ռաբլեի ազդեցությունը նկատելի է Մոլիերի, Լաֆոնտենի, Լըսաժի,Վոլտերի, Սվիֆթի, Վիլյամ Սարոյանի, բազմաթիվ այլ գրողների ստեղծագործություններում:
[img]/ups/images/0258281001469973348408817.jpg[/img]
Վարկած կա, թե Ռաբլեն լավ ուսումնասիրել է ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլև հայ ժողովրդական բանահյուսությունը, այդ թվում՝ «Սասնա Ծռեր» էպոսը, և այնտեղից վերցրել չափազանցված, ընդհանրական, խորհրդանշական կերպարներ և բնավորություններ:
[img]/ups/images/062920200146997618040369.jpg[/img]
[i]Հայոց արքա Արտաշես Ա[/i]
Կա նաև հակառակ վարկածը, իբր Ռաբլեի վեպն է ազդեցություն ունեցել Գարեգին Սրվանձտյանի վրա, և վերջինս «Սասնա Ծռեր» էպոսում պատկերել է Պանտագրյուելի նման բարի-հսկա-մարդասեր կերպարներ:
Նմանատիպ նյութեր
14823 դիտում
23:04 06-08-2016
Արեգնազանը, ազատության համար պայքարն ու Սասնա ծռերը
19681 դիտում
23:30 14-08-2016
Խորենացին, Սասնա ծռերը և Արթուր արքան
31717 դիտում
23:22 19-08-2016
Չարենցի չբացահայտված սպանության առեղծվածն ու «Սասնա ծռերը»
Այս բաժնից
10507 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am