Այս տարի ՀՀ Սփյուռքի նախարարության և ԵՊՀ-ի համատեղ ուժերով արդեն 5-րդ անգամ կազմակերպվեց և անցկացվեց «Սփյուռք» ամառային դպրոցը
Հուլիսի 29-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը:
Ամառային դպրոցի մեկնարկից տասն օր անց` հուլիսի 15-ին, ամփոփվեցին դպրոցի «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ», «Լրագրողների վերապատրաստում» և «Ազգային երգի ու պարի վարպետություն», իսկ այսօր «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» և «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացները:
Փակման արարողության ընթացքում մասնակիցներին շնորհավորեց և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց փոխնախարար Վահագն Մելիքյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին դասընթացները ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այս դպրոցի դերը կարևոր է հատկապես համայնքներում ազգային ինքնության պահպանման, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացման և հայկական մշակույթի տարածման առումով: «Սփյուռք» ամառային դպրոցը նախարարության ամենասիրված ծրագրերից է»,- նշեց պարոն Մելիքյանն ու դիմելով մասնակիցներին` հույս հայտնեց, որ նրանք հայրենիքից հեռանում են վերադառնալու ակնկալիքով և գնում են իրենց համայնքներում փոքրիկ Հայաստան կառուցելու:
«Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն էլ հավելում է, որ ԵՊՀ-ի և նախարարության միջև համագործակցությունը ժամանակի հետ ավելի արդյունավետ է դառնում: Դրա ապացույցներից մեկն էլ «Սփյուռք» ամառային դպրոցի` տարեցտարի գրանցվող նորանոր հաջողություններն են:
Ամփոփվող դասընթացների բոլոր մասնակիցներն այսօր ստացան հավաստագրեր, իսկ այն մասնակիցները, որոնք ամառային դպրոցի շրջանակում ցուցաբերել են ակտիվություն և բարձր առաջադիմություն, ստացան նաև շնորհակալագրեր:
«Սփյուռք» ամառային դպրոցի փակման արարողությունն ամփոփվեց համերգային ծրագրով, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ինչպես ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, այնպես էլ ամառային դպրոցի մասնակիցները:
Նշենք, որ տասն օրերի ընթացքում մասնակիցները ոչ միայն ձեռք են բերել տեսական և գործնական գիտելիքներ, այլև այցելել են Հայաստանի պատմական և տեսարժան վայրեր, հանդիպել պետական, մշակութային ու հասարակական գործիչների հետ: