211652_close_icon
views-count1574 դիտում article-date 16:11 25-07-2016

Գրիգոր Երզնկացյանն արժանացել է Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի բարձրագույն պարգևին

Իր բազմամյա գործունեության եւ վիրաբուժության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար մեծ մարդասեր եւ բարերար պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն արժանացել է Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի բարձրագույն պարգեւին՝ պատվավոր անդամի կոչմանը: Վաստակաշատ պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն իր կյանքը նվիրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայում բժշկության ոլորտի զարգացմանը, վիրաբույժների ուսուցմանը, որակյալ մասնագետներ պատրաստելուն եւ իր մասնագիտական փորձը նրանց փոխանցելուն: Նա ծնվել է Եթովպիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Հյուսիսային Ուելսում, իսկ 1963թ. ընդունվել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջ: Այս ժամանակահատվածում արժանացել է մի շարք պարգեւների եւ նաեւ բարձրագույն վիրաբուժական պրակտիկա է անցել Դուբլինի մի քանի հիվանդանոցներում: Իռլանդիայում վիրաբուժական փորձառություն ձեռք բերելուց հետո, վերադարձել է Աֆրիկա: Սյստեղ՝ Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում ձեւավորվել է իր վիրաբուժական կարիերայի մեծ մասը: Նա զբաղեցրել է մի շարք կարեւոր վարչական պաշտոններ, իսկ 1999թ. արժանացել է Զամբիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսորի կոչմանը: Նա նաեւ եղել է Զամբիայի վիրաբուժական միության նախագահը: Պրոֆեսոր Երզնկացյանը հեղինակ է աֆրիկյան վիրաբուժության վերաբերյալ մեծ թվով աշխատությունների, որոնցում նա անդրադառնում է տեղային անզգայացման եւ կետամինի կարեւորության, արյունավարակման եւ վնասվածքների կանխարգելման, ինչպես նաեւ Աֆրիկայում քաղցկեղով մեծ թվով հիվանդների բացահայտման հարցերին: Աֆրիկայում պատշաճ վիրաբուժական համակարգի անհրաժեշտությունը հանգեցրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայի վիրաբույժների համալսարանի /ԱԿՀԱՎՀ/ ստեղծմանը, որի շարժիչ ուժն է պրոֆեսոր Երզնկացյանը: Նա համալսարանի խորհրդի ամենաերկարատեւ անդամն է. նաեւ եղել է համալսարանի փոխնախագահը, նախագահը եւ ներկայումս՝ ռեկտորը: Նրա անսպառ էներգիայի եւ մեծ նվիրումի շնորհիվ նորաստեղծ համալսարանը ոտքի է կանգնել՝ արձանագրելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Իր մեծ վաստակի եւ ներդրումի համար 2012թ. պրոֆեսոր Երզնկացյանն արժանացել է ԱԿՀԱՎՀ պատվավոր անդամի կոչմանը: 2007թ. ԱԿՀԱՎՀ խոստումնալից համագործակցություն է սկսել Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի հետ, ինչում կրկին մեծ է պրոֆեսոր Երզնկացյանի դերը: Համագործակցության արդյունքում աֆրիկյան վիրաբուժության համակարգը մեծ բարեփոխումներ է ունեցել եւ համալրվել է նորագույն եւ ժամանակակից միջոցներով ու սարքավորումներով: Տարածաշրջանում արձանագրվել է նաեւ ուսանող վիրաբույժների թվի մեծ աճ, ինչպես նաեւ Զիմբաբվեում, Զամբիայում եւ Ռուանդայում մեծ թվով թերապեւտներ զարգացրել են իրենց գիտելիքները եւ ծանոթացել հիմնական վիրաբուժական մեթոդներին: Պրոֆեսոր Երզնկացյանը պարպերաբար հաճախում է Հայաստանում վիրաբուժական եւ բարեգործական գործունեությամբ:

Նմանատիպ նյութեր