211652_close_icon
views-count1022 դիտում article-date 17:30 20-07-2016

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը՝ ի դեմս ռեկտոր Ժան-Փոլ դե Գոդեմարի, այսօր Փարիզում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է` զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գիտահետազոտական լաբորատորիաների հետազոտական և տեխնոլոգիական գերազանցության կապերը Հայաստանի հետ՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների շարժունությանը, ինչպես նաև գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում նոր համագործակցային ծրագրերի իրականացմանը: Համագործակցությունը կիրականացվի գիտահետազոտական նախագծերի իրականացման համար անցկացվելիք մրցույթների շրջանակներում: Մրցույթին կարող են մասնակցել ՖՀԳ անդամ հայաստանյան համալսարաններում, ինչպես նաև այլ բուհերում և գիտահետազոտական հաստատություններում գրանցված ֆրանկոֆոն կամ մասամբ ֆրանկոֆոն հայ երիտասարդ հետազոտողները: Նախագծերի իրականացման տևողությունը մեկից մինչև առավելագույնը վեց ամիս է: Յուրաքանչյուր մրցույթի համար նախատեսվող բյուջեն կսահմանվի` ելնելով տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային հնարավորություններից։ Հուշագրի ստորագրումից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները խորը պատմական արմատներ ու ավանդույթներ ունեն, և այսօր մենք շարունակում ենք զարգացնել այդ ավանդույթները և համագործակցության նոր եզրեր փնտրել: Ֆրանկոֆոնիայի բազմամակարդակ գործունեության կարևոր հարթակներից մեկն է՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը, որը բացառիկ է իր հնարավորություններով և իր ծրագրերով նպաստում է ֆրանսալեզու գիտական տարածքի ստեղծմանը, խթանում է գիտական համագործակցությունը, աջակցում է գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը, իրականացմանը և փորձի փոխանակմանը։ Հայաստանը, խորապես հետաքրքրված լինելով հանրապետության գիտական կազմակերպություններում և համալսարաններում գործող գիտական խմբերի՝ եվրոպական տարածք ինտեգրվելու. համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու հարցում, ուղիղ երկու ամիս առաջ միացավ Եվրամիության հետազոտության և նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին: Այս փոխըմբռնման Հուշագիրը բնագիտական, հումանիտար, քաղաքաշինության և այլ ոլորտներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Հայաստանի համար համագործակցության նոր հեռանկարներ կբացի, կնպաստի երիտասարդ հետազոտողների շարժունությանը»: Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ երկուստեք համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կհամալրվի նոր գաղափարներով ու բովանդակությամբ։ Նշենք, որ այցի ընթացքում Նախարար Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ, ինչպես նաև ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ այցելել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ:

Նմանատիպ նյութեր