211652_close_icon
views-count2122 դիտում article-date 23:24 13-09-2019

Վարչապետն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահի գլխավորած պատգամավորական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը և Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող սենատոր Պիեր Ուզալիասը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին Հայաստանի կառավարությունում և ընդգծել, որ նրանք մեծ ներդրում ունեն հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման և Արցախի հարցի արդարացի լուծման գործում: «Մենք բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, որն ապացույց է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների: Շնորհակալ ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած աջակցության, ձեր սկզբունքայնության, հետևողականության և վճռականության համար: Ձեր գործունեությամբ դուք կարևոր նպաստ եք բերում Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նկատել է, որ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաև թե՛ երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական խորացումը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Գի Տեսիենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և նշել, որ շուրջ 30 տարի հանդիսանալով Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ՝ մեծ սիրով շարունակում է աշխատել հայ-ֆրանսիական բարեկամության սերտացման ուղղությամբ: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների՝ Արցախ կատարած այցին և խոսել տպավորությունների մասին: Նա նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի իր ձայնը բարձրաձայնելու կամք և խաղաղ պայմաններում ապրելու վճռականություն, և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ Ֆրանսիայում հետևում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին և խորը հարգանք ունեն այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ: Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) և պատրաստակամություն հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության շրջանակում աջակցել CEPA-ի կիրարկմանը: Վարչապետը կարևորել է Հայաստանի եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման համատեքստում կարևորել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը: Նիկոլ Փաշինյանը նաև երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացվող քայլերի համար ու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու համար, ինչն ընդգծում է երկու երկրների միջև բարեկամության անշրջելի բնույթը: Մտքերի փոխանակության ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտների բարեփոխումներին, կանանց հասարակական-քաղաքական կյանքում ներգրավվածությանը և տնտեսական գործունեության խթանմանը, երիտասարդ սփյուռքահայության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացին և այլն:

Նմանատիպ նյութեր