211652_close_icon
views-count1472 դիտում article-date 16:02 13-07-2016

Տարոն Մարգարյանը հանդիպել է Քեմբրիջի Հայ եկեղեցու հովանու ներքո գործող երգչախմբի անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Քեմբրիջ քաղաքի Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարած հինգ տասնամյակի պատմություն ունեցող երգչախմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև տեղի եկեղեցու հոգևոր հովիվը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով հոբելյանական տարվա առթիվ ՝ քաղաքապետն իր բարեմաղթանքներն է հղել և կարևորել է հայանպաստ այն գործունեությունն ու առաքելությունը, որը երգչախումբը ստանձնել է արդեն կես դար: Տարոն Մարգարյանը զրույցի ընթացքում հյուրերին համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի մշակութային կյանքն ու զարգացման հեռանկարները, այդ թվում նաև Երևանում գործող երաժշտական և արվեստի դպրոցների գործունեությունը, որտեղ այսօր կրթվում ու գեղագիտական դաստիարակություն են ստանում հարյուրավոր երեխաներ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ հյուրերը նշել են, որ երգչախումբը, որի կազմում նաև այլազգիներ են, կատարում են հիմնականում հայ հեղինակների հոգևոր ու դասական ստեղծագործություններ: Հյուրերը նաև կիսվել են այս օրերի իրենց տպավորություններով՝ չթաքցնելով հիացմունքը հատկապես մայրաքաղաքում անվտանգ քաղաքի ապահովման ուղղությամբ տարված աշխատանքների հետ կապված, նաև հետաքրքրվել են նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ու Երևանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերով՝ ընդգծելով, որ Երևանն իր պատմամշակութային հարուստ ու հազարամյակների պատմությամբ կարող է դեպի իրեն գրավել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների: Հանդիպման ավարտին հյուրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել են այցելել Քեմբրիջ՝ ներկա գտնվելու երգչախմբի ստեղծման 50-ամյակին նվիրված մեծ համերգին:

Նմանատիպ նյութեր