959 դիտում
18:42 04-07-2016
«Սահմանափակե՛ք հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ըստ ժամանակացույցի շարունակվում են նաև չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանքներ տանել մասնավորապես ծաղկապատ տարածքների խնամքի ուղղությամբ:
«Անհրաժեշտ է առավել հետևողական լինել ծաղկապատ և կանաչ տարածքների խնամքի ուղղությամբ, առավել ևս, որ տարեցտարի ընդլայնում ենք ոռոգման ցանցն ու, ըստ էության, ապահովել ենք պատշաճ խնամքի համար անհրաժեշտ հիմնական պայմանները: Նաև որոշակի ոճային մոտեցում ցուցաբերեք ծաղկապատման աշխատանքներում, որպեսզի տպավորություն չլինի, թե ով ինչ ծաղկատեսակ ունեցել, այն էլ տեղադրել է հարակից հատվածում, այդ թվում նաև տնտեսվարողները: Հատուկ ուշադրության կենտրոնում պահեք նաև խոտհնձի աշխատանքները, որպեսզի խուսափենք չորացած խոտի այրման հնարավոր դեպքերից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև անդրադարձել է հրավառությունների հետևանքով խոտի այրման հնարավոր դեպքերի կանխարգելմանն ու հանձնարարել է խստորեն վերահսկել նմանատիպ տարածքներում հրավառությունների կազմակերպումը:
«Հատկապես ամռանը հրավառությունները կարող են խոշոր հրդեհի պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ուշադիր և հետևողական լինել: Ըստ այդմ, համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ խիստ վերահսկողություն սահմանեք այդ ուղղությամբ և սահմանափակեք հատկապես հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը: Բացի այդ, խիստ հսկողության տակ պահեք նաև զվարճանքի օբյեկտներից հնչող երաժշտության և աղմուկի բարձրությունը, որպեսզի սահմանված ժամից հետո այն որևէ կերպ չխանգարի մեր համաքաղաքացիներին:
Անշուշտ, հաճելի է, որ մեր հայրենակիցների ուրախանալու առիթները շատ են, բայց դրանք չպետք է լինեն մեր մյուս համաքաղաքացիների հանգստի ու անդորրի հաշվին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
4224 դիտում
22:16 17-07-2017
Տարոն Մարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը»
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»