211652_close_icon
views-count2696 դիտում article-date 23:14 23-06-2016

Քուվեյթում ՀՀ դեսպանի հրաժեշտի հանդիպումները

Հունիսի 21-ին Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս Խալեդ Ալ-Սալեհի հետ: Ողջունելով հյուրին` Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան համանախագահը, գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ վերջին տարիներին նկատվող գործնական հարաբերությունների ակտիվացումը` հատուկ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի երկրորդ նիստը գումարվեց Քուվեյթում` անցած տարեվերջին: Այս համատեքստում նախարար Ալ-Սալեհը հավաստիացրեց, որ քուվեյթական կողմը հավատարիմ է մնում նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների` հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հանձնառությանը: Երկուստեք կարևորվեց հանձնաժողովի երրորդ նիստը հաջորդ տարի Երևանում գումարելու հարցը: Նախարարը նաև գոհունակությամբ նշեց հայկական արտադրանքի` քուվեյթական շուկայում հայտնվելու փաստը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և սրտագին խոսքերի համար` դեսպան Չարչօղլյանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և Քուվեյթի ֆինանսների նախարարությանը` աջակցության և սերտ համագործակցության համար: Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց նաև Քուվեյթի Պետության կրթության և բարձրագույն կրթության նախարար Բադր Ալ-Իսսայի հետ: Դեսպան Չարչoղլյանը շնորհակալություն հայտնեց նախարարին` դեսպանությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար` հատուկ ընդգծելով Հայաստանից ուսանողների համար հավելյալ վեցերորդ տեղի տրամադրումը: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև կրթական ոլորտում առկա ակտիվ կապերը և համագործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը: Մասնավորապես առանձնացվեց անցյալ տարեվերջին Քուվեյթում գումարված Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում ստորագրված կրթական ոլորտում համագործակցության գործնական ծրագիրը: Նախարար Ալ-Իսսան հավաստիացրեց, որ Քուվեյթը կշարունակի և կընդլայնի իր աջակցությունն այս ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր