211652_close_icon
views-count3241 դիտում article-date 23:00 22-06-2016

Երևանյան կիթառի 2-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «ԵրազԱրտ» հիմնադրամի աջակցությամբ՝ Երևանի և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները ս. թ. հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացնեն «Երևանյան կիթառի 2-րդ միջազգային փառատոնը»: Փառատոնային երեք համերգները կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի 28-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման համերգը, որի ընթացքում կատարումներով հանդես կգան Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիայի և ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիր Հյուբերթ Քեփփելը (Գերմանիա), ինչպես նաև «Երևանյան կիթառի միջազգային փառատոնի» գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը: Հունիսի 29-ի, ժամը 19:00-ին փառատոնային երկրորդ համերգին ելույթ կունենա Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրեն, կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա փակման համերգը, որի ընթացքում հանդես կգա հայտնի կիթառահար Դավիդ Դյակովը (Բուլղարիա): «Երևանյան կիթառի 2-րդ միջազգային փառատոնի» շրջանակում կկազմակերպվեն նաև վարպետության դասեր, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:

Նմանատիպ նյութեր