211652_close_icon
views-count1565 դիտում article-date 18:45 14-06-2016

Արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր

Դոնորի միջազգային օրվա կապակցությամբ այսօր աշխարհի շատ երկրներում զանազան միջոցառումներ են կազմակերպվում: Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին և հանրության ուշադրությունը բևեռել սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցին: Ակտիվ կամավոր արյան դոնորներն անվտանգ արյան պաշարների հիմքն են, քանի որ նրանք ունեն վարակիչ հիվանդություններով հիվանդացության ամենացածր մակարդակը: Արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր: Արյան կամավոր դոնորության օրվա այս տարվա խորագիրն է` «Արյունը միավորում է բոլորիս»։ Իսկապես, արյունը միավորում է բոլոր մարդկանց` անկախ ազգությունից, սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից: ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի կազմակերպած միջոցառման ընթացքում երախտիքի խոսքեր ուղղվեցին բոլոր կամավոր դոնորներին, ովքեր իրենց արյունը նվիրաբերելով փրկում են երեխայի կամ ծանր հիվանդի կյանքը։ «Հայաստանի կառավարությունը և առողջապահության նախարարությունը շատ կարևորում են արյան ծառայությունը։ Դրա վառ վկայությունը Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացումն է»,-ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին` ծառայությունը պատվով իրականացնելու համար։ Նա նշեց, որ ներքուստ կամավոր դոնորության պատրաստ են բոլորը։ «Դրա ականատեսը դարձանք ապրիլի քառօրյա պատերազմի օրերին, երբ ազգը համախմբվելով` ցանկացավ արյունատվությամբ կանգնել զինվորի կողքին»,-հավելեց փոխնախարարը` երախտիք հայտնելով բոլոր կամավոր դոնորներին և դոնորատվությանն աջակցող կազմակերպություններին։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արյան ծառայության մի խումբ բուժաշխատողներ պարգևատրվեցին։ Իսկ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը պատվոգրեր հանձնեց բազմակի արյան դոնացիաներ կատարած մի խումբ կամավոր դոնորների, ինչպես նաև Հայաստանում արյան կամավոր դոնորությանն աջակցող կազմակերպությունների։ Առանձին բուժաշխատողներ երկարամյա վաստակի համար արժանացան Յոլյանի անվան հուշամեդալի։ «Սփռի'ր կյանք, տու'ր արյուն»` միջոցառման այս կարգախոսով կազմակերպիչները փորձում էին ընդգծել կամավոր արյան դոնորության կարևորությունը մեկը մյուսի մասին հոգ տանելու և համախմբվածություն ձևավորելու գործում: Պետք է համախմբվենք, որ զարգացած երկրների օրինակով Հայաստանում ևս արյան դոնորությունը լինի կամավոր և անհատույց: Դա ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզել և խրախուսել: Խորին հարգանքի ու երախտիքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին։ Առավել ևս նրանք, ովքեր բազմիցս դոնոր են հանդիսացել: Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում լեյկեմիեայից բուժվող երեխաները միջոցառման բոլոր մասնակիցներին իրենց ձեռքով նկարած նկարներ և շնորհավորական բացիկներ նվիրեցին։

Նմանատիպ նյութեր