211652_close_icon
views-count1616 դիտում article-date 18:42 08-06-2016

Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Երևանում ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է արդեն ավանդական դարձած հայ-չեխական գործարար համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին և հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև չեխ գործարարների կողմից Հայաստանի` որպես հնարավորությունների երկրի բացահայտմանը: Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից ՀՀ Նախագահը կարևորել է այս տարվա փետրվարին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի Հայաստան կատարած այցն ու դրա շրջանակներում կազմակերպված գործարար համաժողովը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այսօր Հայաստանում գործում է չեխական կապիտալով շուրջ 20 ընկերություն: Նրա խոսքով, Հայաստանն իրենց համար արդեն հասցրել են որոշ չափով բացահայտել այնպիսի չեխական ընկերություններ, ինչպիսիք են «Չեխ Ավտոն», «Շանտանը», բոհեմական հախճապակի ներմուծող «Պրահա»-ն և այլ ընկերություններ: Սերժ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրը, տնտեսության զարգացման ներկայիս վիճակը, տնտեսական ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի առաջատար տեղը, որն արձանագրված է նաև միջազգային հեղինակավոր կառույցների վարկանիշային զեկույցներում: Ներդրումների ներգրավման տեսանկյունից Նախագահը կարևորել է հատկապես երկու գործոն՝ կայունությունը և տնտեսական շահը, ընդգծելով, որ Հայաստանում այդ առումով ստեղծված են բոլոր նախադրյալները։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր մակրոտնտեսական կայունությունը մեր երկրի համար մշտապես եղել է գերակա ուղղություն, և շնորհիվ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության՝ ներկայումս Հայաստանն ունի կայուն մակրոտնտեսական միջավայր: «Մեր օրերում անհնար է պատկերացնել օտարերկրյա ներդրումների ներգրավումն առանց երկրի քաղաքական կայունության ու կանխատեսելիության: Ի դեպ՝ քաղաքական կայունություն ասելով, ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, մենք հասկանում ենք առաջին հերթին ժողովրդավարական կայունություն՝ հիմնված մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, ինչը թույլ է տալիս երկիրը զերծ պահել քաղաքական ցնցումներից՝ չվտանգելով, իհարկե, նաև ներդրումների ապագան: Այդ նպատակին էին ուղղված նաև սահմանադրական բարեփոխումները մեր երկրում»,-ասել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանում իրականացվող համալիր բարեփոխումների մասին՝ ընդգծելով, որ այդ բարեփոխումների ճանապարհին մեծ է եղել Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության դերը, որի աջակցությամբ նշանակալիորեն եվրոպական չափանիշներին են մոտեցվել առևտրի կանոնակարգերի, սննդամթերքի անվտանգության, մտավոր սեփականության ոլորտները: ՀՀ Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է վճռականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը: Հանրապետության Նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ մեր երկրի տնտեսության զարգացման, նաև օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններն ու բարենպաստ պայմանները, ընդգծելով, որ Հայաստանը արտոնյալ մուտքի հնարավորություն ունի այլ տնտեսական տարածքներ՝ ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա և մի շարք այլ երկրներ: Վերջիններիս կողմից տրամադրվող արտոնյալ առևտրային ռեժիմների շնորհիվ, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով հայկական ծագում ունեցող ապրանքներն արտահանել այս շուկաներ: «Մենք վստահ ենք, որ մեր երկրի զարգացման կարևորագույն գրավականն են որակյալ կրթության խթանումը և մարդկային ներուժը, ուստի մենք մեծ տեղ ենք հատկացնում դրանց: Մենք ունենք որակյալ, կրթված և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով ճկուն աշխատուժ»,-ասել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանին՝ երևանյան գործարար համաժողովին մասնակցության համար և համոզվածություն հայտնել, որ բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանը և Չեխիան կարող են նշանակալի արդյունքներ արձանագրել` նպաստելով երկկողմ համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր