Հայաստանի և Ավստրիայի նախագահները մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերն այսօր Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ:
Զրուցակիցները կարևորել են հայ-ավստրիական առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի Նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա և օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջև շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առևտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի:
Հայաստանի և Ավստրիայի Նախագահները ողջունել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովը և իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման: