211652_close_icon
views-count1663 դիտում article-date 19:03 01-10-2021

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել և ելույթով հանդես է եկել հայ-չեխական գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը.

Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել հայ-չեխական գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Ելույթում, մասնավորապես, ասվում է․ 

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը: Սա հրաշալի առիթ է` հայ-չեխական տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, նոր գործարար կապեր հաստատելու և հետագա արդյունավետ համագործակցության համար:

Այսօրվա համաժողովը նաև լավ հնարավորություն  է՝ խոսելու տնտեսական դիվանագիտության մասին: Ակնհայտ է, որ 21-րդ դարում յուրաքանչյուր պետություն պետք է ձգտի ունենալ տնտեսական դիվանագիտության կայուն, կենսունակ և համապարփակ համակարգ: Հետևապես` ինչպես աշխարհում շատ արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ Հայաստանի ԱԳՆ-ի աշխատանքի կարևոր ուղղություններից է տնտեսական դիվանագիտության մեխանիզմների արդիականացումը և դրանց կյանքի կոչումը: Դա թույլ կտա զգալիորեն մեծացնել օտարերկրյա ներդրումների ներհոսքը, ավելացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալները, խթանել առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացը, մեծացնել զբոսաշրջության ծավալները, նպաստել հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` մենք խրախուսում ենք և բոլոր պայմանները կապահովվենք, որպեսզի չեխ գործարարները և ներդրողներն առավել ակտիվ ներգրավվեն Հայաստանում: Գործարար բարենպաստ միջավայրը, իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումների համար ստեղծված պայմանները, Հայաստանի անվտանգությունը և ազատությունը հիանալի նախադրյալներ են ստեղծում օտարերկրյա բիզնեսի համար: Բացի այդ, Հայաստանի անդամակցությունը 180 մլ բնակչություն և 1,8 տրիլիոն ՀՆԱ ունեցող Եվրասիական տնտեսական միությանը, GSP+ առևտրային ռեժիմը Եվրամիության և GSP ռեժիմն ԱՄՆ, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի ու Շվեյցարիայի հետ լրացուցիչ խթան են ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար:

Պետք է գոհունակությամբ նշեմ, որ վերջին շրջանում հայ-չեխական առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, նույնիսկ համավարակի պայմաններում, գրանցվել է որոշակի առաջընթաց: Միաժամանակ,  առկա է հսկայական չօգտագործված ներուժ, որի իրացման համար պետք է նպատակամղված աշխատանք տանենք:

Չեխիայի հետ համագործակցության հեռանկարային ոլորտներ ենք դիտարկում տեղեկատվական տեխնոլոգիաները: Հայաստանն արդեն ձևավորել է  այդպիսի կենտրոններ հիմնելու հաջող փորձ, հանձինս՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ու ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, որտեղ բոլոր տարիքի երիտասարդները կարող են մասնակից լինել ոլորտի նորարարական կրթական ծրագրերի: Այս երկու նախաձեռնությունները դարձել են հայկական ապրանքանիշեր, որոնք հաջողություն են գտել ողջ աշխարհում: ԹՈւՄՈ կենտրոնները բացվել են Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում: Այս առումով, կարող ենք դիտարկել հայկական բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունը նաև Չեխիայում:

Որպես փոխշահավետ համագործակցության այլ հետաքրքիր բնագավառներ կարող ենք նախաշնել վերականգնվող էներգետիկան, ֆինանսաբանկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, թափոնների կառավարումը:

Շատ ենք կարևորում նաև Երևան-Պրահա ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու հնարավորությունը։ Սա ևս խթան կհանդիսանա  գործարար կապերի առավել ակտիվացման ու զբոսաշրջության  ծավալների ավելացման համար: Հույս ունեմ, որ ոչ հեռու ապագայում Երևանն ու Պրահան ավելի մոտ կդառնան:

Համագործակցության ոլորտներն ու հնարավորություններն իրականում բազմաթիվ են, և համոզված եմ, որ այս համաժողովը լավ ազդակ կհանդիսանա նոր, ամուր և փոխշահավետ կապեր ստեղծելու և համագործակցություն ծավալելու համար:

Այսքանով, թերևս,կեզրափակեմ համաժողովի բացման իմ ելույթը․ համաժողովին մաղթում եմ  արդյունավետ և հետաքրքիր աշխատանք:

նորհակալություն»:

Նմանատիպ նյութեր