211652_close_icon
views-count8752 դիտում article-date 22:51 06-06-2016

Ցավալի է, որ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք նման հայտարարություններ են անում. Լևոն Մնացականյանը՝ Սամվել Բաբայանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե նման գնահատական տային քաղաքացիական անձինք, կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ այդ մարդկանց, որովհետև մարդիկ չեն տիրապետում՝ ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը։ Բայց եթե նման կարծիք հայտնում են նախկինում բարձր պաշտոններ զբաղեցնող անձնավորություններ, նամանավանդ նախկին բանակի հրամանատար, նախկին պաշտպանության նախարար, դա ինձ համար, իհարկե, ցավալի է։ Այս մասին ասել է ԼՂՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ TVArtsakh-ի հետ հարցազրույցում, ի պատասխան դիտարկման, թե ոմանց կարծիքով ապրիլյան առճակատումը ոչ թե լայնամասշտաբ պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն։ Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, ով երկարատև բացակայությունից հետո վերադարձել է Արցախ, Civilnet-ի հետ զրույցում, ասել է, թե համաձայն չէ գնահատականների հետ, որ կատարվածը պատերազմ էր կամ բլից-կրիգ: «Դա եղել է դիվերսիոն գործողություն, որտեղ հակառակորդը քայլեր է ձեռնարկել պատժիչ գործողություն կատարելու ու ստացել անսպասելի հաջողություն, որից հետո փորձել են հաջողությունն ամրապնդել: Երկու կորպուս ամրապնդվել է այդ դիրքերից, ինչից հետո մերոնք փորձել են նախահարձակման անցնել, վերականգնել կորցրած դիրքերը, որն ինչ-որ տեղ հաջողվել է, ինչ-որ տեղ անհաջող է եղել: Անհաջողության պատճառով հակառակորդը կիրառել է հրետանի»,- շեշտել էր Բաբայանը: Հարցազրույցում Լևոն Մնացականյանն այս առիթով ասել է. «Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է նշանակում դիվերսիոն հետախուզական գործողություններ, մինչև վերջ չեն վերլուծում՝ ինչպիսի նպատակներ են հետապնդում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները։ Դիվերսիոն հետախուզական ուժերն իրենցից ենթադրում են սահմանափակ ուժերով սահմանափակ խնդիրների կատարում, ինչ-որ տեղ եղանակային բարդ տեսանելիության պայմաններում, որի ընթացքում հնարավոր է կիրառել այլ զորատեսակների՝ ևս սահմանափակ ուժեր և միջոցներ»: Ըստ նրա՝ դա իրենք չեն տեսել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, այլ արձանագրել են համարյա թե ամբողջ շփման գծի երկայնքով հատուկ նշանակության ջոկատայիններ, 200 ավելի տանկեր, զորամասերի, զորամիավորումների կիրառում, խոշոր տրամաչափի զանգվածային համազարկային զենքերի կիրառում, ռեակտիվ հրետանային համակարգի կիրառում։ Նրա խոսքով՝ այդ երեք օրվա ընթացքում հակառակորդը արձակել է այնքան արկ և հրթիռ, որքան 1 տարվա ընթացքում՝ մինչև 20 000 արկ։ «Մարդկանց հիշողությունը երևի թե թույլ չի տալիս վերհիշել, համեմատականներ տանել նախորդ մեր գործողություններi և ապրիլյան գործողությունների հետ ու տարբերել՝ որն է դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունը, որն է լայնամասշտաբ հարձակումը։ Եվ դա միայն իմ տեսակետը չէ. շատ զինվորականներ համամիտ են մեր կարծիքի հետ»,-ասել է ՊԲ հրամանատարը։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=qukAM7EV4sk]artsakh.tv[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր