211652_close_icon
views-count1624 դիտում article-date 18:16 31-05-2016

Մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը 150 տարեկան է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի Խ.Աբովյանի անվան հ. 84 դպրոց, ներկա գտնվել կրթօջախի հիմնադրման 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրենի, ուսուցչական կոլեկտիվի և հոբելյանի առիթով դպրոց այցելած հյուրերի հետ միասին նախ ծաղիկներ է խոնարհել Խաչատուր Աբովյանի արձանին, հարգանքի տուրք մատուցել հայ ականավոր գրողի հիշատակին: Այնուհետ Տարոն Մարգարյանը խորհրդանշական եղևնի է տնկել կրթօջախի բակում: Տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև դպրոցում ձևավորված Աբովյանի անվան թանգարան-դասասենյակ, ծանոթացել մեծ գրողի մասին պատմող ու դպրոցի գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Շնորհավորելով ներկաներին հոբելյանի առթիվ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ 150-ամյա դպրոցը շարունակելու է իր իսկ ձևավորած բարի այն ավանդույթները, որոնք, ըստ էության, ապահովել են կրթօջախի մեկուկես դարյա չընդհատվող ուղին: «Այսօր քիչ կրթօջախներ կան, որ կարող են հպարտանալ 150 տարվա կենսագրությամբ: Ձեր դպրոցն այդ եզակիներից մեկն է: Եվ իմ խորին համոզմամբ այդ երկարակեցության գաղտնիքը այս դպրոցի տարբեր տարիների ուսուցիչների նվիրված աշխատանքի արդյունքն է, քանի որ ուսուցիչը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն: Ընդ որում պատասխանատու առաքելություն, քանի որ հենց ուսուցիչների շնորհիվ է ձևավորվում մեր ապագան, մեր վաղվա օրը: Ակնհայտ է, որ այստեղ նաև հայրենասեր սերունդներ դաստիարակելու առաքելությունն է պատվով կատարվում: Կրթօջախի շրջանավարտներից երեքը դեռ Արցախյան ազատամարտի ժամանակ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի: Եվս երեքն էլ հերոսացան այս տարվա ապրիլին: Հավերժ փառք նրանց և մեր բոլոր հերոսների հիշատակին: Համոզված եմ, որ դպրոցը շարունակելու է իր ձևավորած բարի ավանդույթներն ու դեռ շատ սերունդներ է ճանապարհելու մեծ կյանք, ովքեր հաստատ իրենց կարևոր ներդրումն են ունենալու թե՛ մեր երկրի և թե՛ մայրաքաղաք Երևանի զարգացման ու հզորացման գործում», - ընդգծել է քաղաքապետը: Հոբելյանական օրվան նվիրված միջոցառման շրջանակում դպրոցի հիմնադրման 150-ամյակի առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար Երևանի Խ. Աբովյանի անվան հ. 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Կրթության ոլորտում ունեցած հաջողությունների և ներդրած ավադի համար դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինա Մարտիրոսյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Գասպարյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով։ Կրթության բնագավառում ունեցած ձեռքբերումների և հոբելյանի առթիվ դպրոցի համակազմը պարգևատրվել է «Երևանի Զինանշան» հուշամեդալով: Կրթօջախի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր