211652_close_icon
views-count2677 դիտում article-date 14:40 12-10-2026

Հերթական գողությունը՝ Գեղարքունիքի մարզում. սեփական հարսանիքից վերադառնալով՝ ամուսինները տունը հայտնաբերել են թալանված. տարել են խոշոր չափի գումար, իսկ մարզի քրեական ոստիկանները խոստանում էին, թե կապացուցեն՝ «ում օրն է 40 օր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին տարիներին Հայաստանում կարծես ավանդույթ է դարձել՝ երբ քաղաքացին մասնակցում է հարսանեկան արարողության, վերադառնալով տուն այն հայտնաբերում է թալանված։ Ցավոք, նման դեպքերի մեծ մասը մնում են չբացահայտված, իսկ տուժածների մոտ կասկածներ են առաջանում, որ կամ քրեական ոստիկանները չեն աշխատում, կամ հույսները դնում են գողության վայրերի հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների վրա։

Նմանատիպ բնակարանային գողություն տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Զովաբեր բնակավայրում, երբ տանտերերն այդ օրը մեծ ոգևորությամբ անցկացրել են իրենց որդիներից մեկի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքը տեղի է ունեցել գյուղից մի քանի կմ հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Հայրն ու մայրը, հարսանիքից վերադառնալով տուն, անակնկալի են գալիս, երբ  հայտնաբերում են տունը թալանված։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սահակը կամ ստահակները երկհարկանի տան առաջին հարկի եվրոպատուհանը բացելու միջոցով մտնում են տուն և երկրորդ հարկի սենյակները տակնուվրա են անում, ապա ննջասենյակի մահճակալին մոտ տեղադրված պահարանից (տումբչկա) հափշտակում են այնտեղ եղած ՀՀ դրամն ու ՌԴ ռուբլին։ Եվ իրենց գործը ճիվաղը կամ ճիվաղները ավարտելուց հետո հեռանում են։

Դեպքի մասին տանտերերն ահազանգում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ տեղեկությունը փոխանցում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն, ինչից հետո դեպքի վայր են ժամանում ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի և Գեղարքունիքի մարզային քրեական վարչության պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և փորձաքրեագետի հետ։ 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, իսկ քրեական ոստիկանները արդեն տուժածներին հայտնում են, որ իրենք ամեն ինչ անելու են, որ հանցագործությունը բացահայտվի, նույնիսկ խոստանում էին, թե «մենք մեր աշխատանքով կապացուցենք՝ ում օրն է 40 օր»։

Երեկ հոկտեմբերի 11-ին, գողության 40 օրը լրացավ, բայց Գեղարքունիքի քրեական ոստիկանները ոչ մի դրական պատասխան չունեն։ Անգամ երբ դեպքի վայրում տուժածները խնդրել են որպեսզի հատուկ շուն բերվի՝ հետքի վրա աշխատելու համար, նեղսրտել են՝ ասելով՝ մենք առանց շան ենք դեպքեր բացահայտում։ Այդ դեպքում ո՞նց եղավ, որ ձեր ասած 40 օրը լրացավ, բայց ոչ մի դրական պատասխան չկա։

Տուժածները խնդրանքով դիմում են ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանին, որպեսզի իրենց միջամտության արդյունքում գոնե Գեղարքունիքի քրեական ոստիկաններն աշխատեն և բացահայտեն հանցագործությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գողը կամ գողերը այդ տնից հափշտակել են մոտ 4 միլիոն դրամ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր