211652_close_icon
views-count3943 դիտում article-date 14:14 13-10-2026

Խոշոր հրդեհ՝ Արմավիր քաղաքում հայտնի «ԼԵՎ ՎԱԳ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գործող «ԼԵՎ ՎԱԳ» շինանյութի խանութում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներից, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը, այս պահին էլ կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ և իրականացվում է հրդեհի թաքնված օջախների հայտնաբերում։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանն ու Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի և ծառայության գծով ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Քամալյանն ու Դավիթ Եգանյանը։

Այս պահին ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է շինանյութի խանութի բակային հատվածում եղած պահեստում, այրվել են մոտ 150 հատ ստեկլովատ, 5 մ/խ տախտակ, 1000 հատ պենոպլաստ, 800 հատ պենոպլեքս։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր