42176 դիտում
13:55 31-05-2016
ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանները Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությանը համախմբեցին դատական և իրավական ոլորտի կարկառուն ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի ունեցավ Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը:
Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը) (16.06.1923 - 23.03.2009): Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։ Արարողությանը մասնակցելեն իրավական, քաղաքական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Միջոցառումը սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արեքպիսկոպոս Կճոյանի աղոթքով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նա մասնավորապես նշեց, որ Մեծ Վարդապետի թողած ավանդն անգնահատելի է Հայաստանի հոգևոր և աշխարհիկ կյանքի կանոնակարգման, միջնադարյան աշխարհին դեռևս անհայտ բարոյականության նոր և ժամանակակից լուծումներ առաջարկելու խիզախությամբ և մինչ օրս կիրառելի պատգամներով:
Նա նշեց, որ Գոշի փիլիսոփայությունը հյուսվում է խոհեմ, շրջահայաց և բարձր իրավագիտակցությամբ հայի տեսակ ձևավորելու շուրջ: Նրա Դատաստանագրքի երբեմն խիստ օրենքները միտված են հանցանքից զերծ պահելուն:
Զոհրաբյանը ուշադրություն հրավիրեց նրան, որ 12-րդ դարում, երբ Եվրոպան Խաչակրաց արշավանքներ էր ձեռնարկում, Հայաստանի հեռավոր վանքերից մեկում Մխիթար Գոշն առաջարկում էր ՕՐԻՆԱՊԱՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ հետաքրքիր մոդել, ինչը իրավական մտքի գյուտ էր…
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մխիթար Գոշի ժառանգությունը Պատմություն և արդիականություն գիտագործնական ձեռնարկի հեղինակ Գառնիկ Սաֆարյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանը:
Ցուցադրվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանների երեխաների ջանքերով բեմադրված Մեծ Վարդապետ Մխիթար Գոշի առակներից մեկը: Գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշը ծնվել է 1130թ. Գանձակ քաղաքում: Սովորել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև մեկնել է Կիլիկյան Հայաստան, թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով Հայաստան՝ հիմնել է մի շարք դպրոցներ և հաստատվել է Գետիկ վանքում:
Ժամանակակիցներն ու հետագա սերունդները նրան մեծարել են Այր իմաստուն և հեզ, Մեծ վարդապետ, Աշխարհալույս և այլ պատվանուններով: Ստեղծել է բազմաթիվ աշխատություններ՝ «Գիրք Դատաստանի», «Երեմիայի մարգարեության համառոտ մեկնությունը», «Խրատական նամակներ», «Աղվանքի հայրապետների ցանկը» և այլն: Գոշի Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի», 1184թ.) հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է, որը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված): Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ հրատարակվել է 1880թ: Բացառիկ արժեքավոր է նաև առակների ժողովածուն, որը բաղկացած է 190 առակից, որոնք զետեղված են 3 գլխավոր բաժիններում՝ «Առակք բարոյականք», «Առակք առասպելականք» և «Առակք ստեղծականք»: Առաջին անգամ հրատարակվել են 1790թ., Վենետիկում: Մխիթար Գոշի դիմաքանդակի հեղինակն է նշանավոր քանդակագործ Ղուկաս Չուբարը: Չուբարյանը հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի: Դիմաքանդակներին («Անահիտ», 1952, թրծակավ, բրոնզ, «Մ. Ս. Սարյան», 1967, բրոնզ, «Կոմիտաս», 1977, բրոնզ, 2005, գիպս, և այլն), դիմաքանդակային և ֆիգուրատիվ հուշարձաններին («Ե. Չարենց», 1957, բրոնզ, «Ա. Սպենդիարյան», 1957, բրոնզ, համահեղինակ՝ Ա. Մ. Սարգսյան, 1971, մարմար, բոլորը՝ Երևան, «Հ. Թումանյան», 1969, բրոնզ, Դսեղ, և այլն) բնորոշ է հոգեբանական խորությունը: Ժամանակի ճարտարապետության և քանդակագործության համադրման ուշագրավ նմուշներից են ՀՀ Կառավարության 2-րդ տան և ՀԱՄԽ-ի շենքի դեկորատիվ քանդակները (1950-ական թթ.), Երևանի օպերայի և բալետի թատրոնի ճակատի թատերական դիմակները (1980, գրանիտ): 1960–80-ական թթ. ստեղծել է Մովսես Խորենացու, Ֆրիկի, Անանիա Շիրակացու, Թորոս Ռոսլինի քանդակաշարը (բոլորը՝ գիպս): «Մեսրոպ Մաշտոց» (1960–68, բազալտ), «Մխիթար Գոշ» (1967, բազալտ, երկուսն էլ գտնվում են Մատենադարանի ճարտարապետական քանդակագործության համալիրում) հուշարձաններն աչքի են ընկնում պլաստիկ ընդհանրացումներով, ազգային և արդի ձևամտածողության յուրակերպ համադրումով: Գործերից են նաև Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային կոմպոզիցիան (1994) և Էջմիածնի կենտրոնի համար՝ Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը (1999): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, մի շարք երկրների պատկերասրահներում: Արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի:
Ելույթով հանդես եկավ նաև Ղուկաս Չուբարի դուստր Անուշ Չուբարյանը, ով իր շնորհակալության խոսքն ուղղեց Կառլեն և Սառա Եսայաններին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 380+
380+