211652_close_icon
views-count20395 դիտում article-date 17:22 12-07-2016

ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների շնորհիվ արցախցիները Մեծ Շենը համեմատում են «մինի Շվեյցարիայի» հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Մեծ Շեն գյուղում մեծ թափով Մշակույթի տունն է կառուցվում: Երկհարկանի կառույցի շինարարությունը նախատեսվում է ամռան ընթացքում ավարտել ու բացումն անել: Գյուղապետը վստահ է, մշակույթի տունը կնպաստի, որ համայնքում մշակութային միջոցառումները ավելանան: Բայց առանց մշակույթի տան էլ գյուղում վատ չեն ապրում: Սլավիկ Խուրշուդյանը հպարտությամբ է ասում, հարեւան գյուղերում երազում են այն մասին ինչ Մեծ Շենն արդեն ունի: Առաջխաղացումը գյուղի բարեգործների` ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների շնորհիվ է: Վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը չէր կտրել, կյանքի ընթացքում այստեղ հաճախ էր լինում, բարեգործական բազմաթիվ ծրագրեր իրականացնում: Նոր Շենը նախկինում 5 եկեղեցի է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ խորհրդային տարիներին չի պահպանվել: 70 տարուց ավելի գյուղի հավատացյալների ցանկությունը թեկուզ մի փոքրիկ աղոթատեղի ունենալն էր: Եսայանների շնորհիվ գյուղացիների ցանկությունն իրականություն դարձավ: Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվեց հնի տեղում` եկեղեցու հարեւանությամբ էլ խաչքարերի պուրակ ստեղծվեց: Եկեղեցու հարեւանությամբ երիցատուն է կառուցվում: Շինարարությունը ավարտը նույնպես ամռան վերջին է սպասվում: Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հիշատակի հուշարձանները նույնպես վաստակավոր բժիշկների ընտանիքն է կառուցել: Կառլեն Եսայանը չի մոռացել նաեւ դպրոցը, որտեղ սովորել է: Հին դպրոցի հարեւանությամբ նորն է կառուցվել, ամբողջությամբ կահավորվել, նաեւ խաղահրապարակներ, լողավազան ու մարզադաշտ: Գյուղացիներն էլ, բարերարի պատվին, դպրոցը նրա անունով են կոչել: Ընդամենը 50 աշակերտ ունեցող դպրոցում նաեւ հարեւան գյուղերի երեխաներն են սովորում: Մեծ Շենը նաեւ մանկապարտեզ ունի` ամբողջությամբ նորոգված ու կահավորված: Բարեգործների միջոցներով է գործում, սաների թիվը շատ քիչ է`ընդամենը 19 հոգի: Տնօրենն ասում է, գյուղում երբ երեխայի ձեռք բռնած ծնող է տեսնում, միանգամից մանկապարտեզ է կանչում: Մեծ Շենում ամուսնությունների թիվն ու երեխաների ծնունդներն ավելացան, երբ Եսայանները սկսեցին գյուղում ծնելիությունը խրախուսող ծրագիր իրականացնել: 7 տարի շարունակ` 2004-ից 11 թվականներին յուրքանչյուր ծնվող երեխայի հազարական դոլար էին նվիրում: Մեծ Շենում հանդիսություններ հաճախ են լինում: Բարեգործի աջակցությամբ կառուցված հանդիսությունների սրահում բանակի քեֆ, հասանիք ու այլ հավաքներ նաեւ հարեւան գյուղերի բնակիչներն են կազմակերպում: Վաստակավոր բժիշկների հովանավորությամբ է կառուցվել նաեւ Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով: Գյուղում աշխատատեղ ապահովելու համար քարի և մակարոնի արտադրամաս է հիմնվել: Սլվաիկ Խուրշուդյանն ասում է, գյուղից արտագաղթ չկա: Կատակում է, Եսայանների շնորհիվ մի օրը Մեծ Շենը Արցախի Շվեյցարիա կկոչվի: Կառլեն Եսայանը հայրենի գյուղը շենացնելու համար ջանք ու միջոց չի խնայել, բայց դա շքանշանների ու իր մասին խոսելու համար չի արել: Համեստ բժիշկը չէր սիրում, երբ իր կամ արարքների մասին խոսում էին: Պարզապես աշխատում էր, ստեղծում: Նրա մահից հետո էլ Եսայանների բարեգործական ծրագրերը կանգ չեն առել: Նույն թափով շարունակվում են` Արցախում ու Հայաստանում, հիմա արդեն կնոջ ու որդիների շնորհիվ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր