49509 դիտում
17:16 17-10-2016
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մեծ Շեն գյուղում բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ կառուցած եկեղեցում մոմ վառեց Արցախ աշխարհի խաղաղության ու հայ զինվորի անվտանգության համար. գյուղում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսուհետ ԼՂՀ Մեծ Շեն գյուղում, գյուղ, որն արցախցիները համարում են «մինի Շվեյցարիա», կգործի նաև երկհարկանի մշակույթի տունը։ Այն հիմնովին կառուցվել է գյուղի բարեգործների՝ ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից։
Վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն անմնացորդ նվիրվել էր գյուղին՝ չկտրելով կապը։ Կենդանության օրոք հաճախակի էր այցելում գյուղ՝ իրականացնելով բարեգործական ծրագրեր։
Եսայան ամուսինների շնորհիվ գյուղում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվել և այն շարունակվում է նաև Կ. Եսայանի մահվանից հետո, որի աշխատանքները ղեկավարում են նրա կինը՝ տիկին Սառան և որդիները՝ Լազար և Արմեն Եսայանները։
Նորակառույց մշակույթի տան հարևանությամբ տարիների ընթացքում Եսայանները կառուցել են Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հիշատակի հուշարձաններ։ Հին դպրոցի հարևանությամբ կառուցվել է նորը, ամբողջությամբ կահավորվել, ստեղծվել են խաղահրապարակներ, լողավազան ու մարզադաշտ և ի պատիվ մեծ բարերար Կառլեն Եսայանի՝ 59 աշակերտ ունեցող դպրոցը տեղաբնակների խնդրանք-պահանջով անվանափոխվեց նրա անունով։
Եսայան ամուսինները չմոռացան նաև գյուղի երեխաների մասին. կարճ ժամանակում ամբողջությամբ կառուցվեց ու եվրոպական չափանիշներին համապատասխան կահավորվեց գյուղի մանկապարտեզը, որտեղ հաճախում է 19 երեխա: Ամուսնությունների թիվն ու երեխաների ծնունդներն էլ ավելացան, ու ստեղծվեցին երիտասարդ ընտանիքներ, ովքեր վստահ էին, որ իրենց երեխաները հաճախելու են միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզ ու դպրոց։ Հանդիսությունների սրահի մասին էլ խոսք չկա։ Եսայանների աջակցությամբ կառուցված այդ սրահում անգամ հարևան գյուղերի բնակիչներն են կատարում բանակի քեֆ, հարսանիք և այլ հավաքներ։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում կատակում էին՝ ասելով. «Մեր գյուղապետ Սլավիկ Խուրշուդյանը կարա հպարտանա, որ ինքը շվեյցարական պայմաններում է աշխատում»՝ նկատի ունենալով Եսայան ամուսինների կողմից կառուցված գյուղապետարանի շենքը։
Շաբաթ օրը Մեծ Շեն էր այցելել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այցը պատահական չէր։ Գյուղացիներն էլ կատակում էին՝ ասելով. «Նախագահը բարեգործների հետ եկավ գյուղ, միանգամից եղանակը փոխվեց. անձրևին փոխարինեց արևը»։
Բ. Սահակյանի մասնակցությամբ գյուղում բացվեց մշակույթի տունը, մեծ մարդասերի, մեծ բարերարի կիսանդրին, Սուրբ Գևորգ եկեղեցուն կից երիցատունը, որից հետո մինչև կեսգիշերից էլ ահագին ժամանակ անց գյուղի դպրոցի բակում՝ վրանների տակ, տեղի ունեցավ խնջույք, որի ժամանակ հնչում էին միայն հայոց խրոխտ երգն ու պարը։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր երգ ու պարով աշխարհին ապացուցելու ենք, որ նաև էս տեսակ ենք մենք ուժեղ՝ մեր բարեգործներով, մշակույթով, մեր հաղթանակած Արցախ երկրի հաղթանակած նախագահով, սահմանն անառիկ պահող էն առյուծ տղերքով, որոնց շնորհիվ բազմաթիվ բարերարներ Կառլեն և Սառա Եսայաններն են ու նրանց ընտանիքի անդամները, ովքեր շենացնում են Արցախ հողը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մեծ Շենում Կ. և Ս. Եսայանների հովանավորությամբ խաչքարերի պուրակի հարևանությամբ կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում Արցախ աշխարհի սահմանները պահող զինվորի անվտանգության համար մոմեր վառեցին Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարերար Սառա Եսայանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։
Կ. Եսայանի կիսանդրին բացելուց առաջ էլ կենդանի երաժշտությամբ ներկայացան նրա անվան դպրոցի սաները, որից հետո Արցախի նախագահի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին մեծ մարդասերի, մեծ բարերարի կիսանդրուն։
[b]Ներկայացնում ենք Մեծ բարերար Կառլեն Եսայանի կենսագրական տվյալները[/b]
[color=#CC0000]ԵՍԱՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԼԱԶԱՐԻ
ՀՀ վաստակավոր բժիշկ
Ծնվել է 1933թ. դեկտեմբերի 21-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2004-2014թթ. “Դավիթ Անհաղթ” ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ
2003-2004թթ. “Դավիթ Անհաղթ” ԲԿ տնօրենի փորձագիտական գծով տեղակալ
1977-2003թթ. Երևանի 8-րդ բուժմիավորման գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ
1964-1976թթ. Հայաստանի Հանրապետության արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար
1962-1979թթ. Բուժաշխատողների արհմիության կոմիտեի նախագահ
1961-1964թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ
1958թ. փետրվար-օգոստոս Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցի ուսուցիչ
1953-1954թթ. Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ
1954-1957թթ. ծառայել է Սովետական բանակում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1958-1964թթ. Երևանի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1951-1953թթ. Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
Այլ գործունեության
2006թ.-ից՝ Ռուսաստանի բնական գիտությունների (հայկական մասնաճյուղի) անդամ:
2006թ.-ից՝ Եվրոպայի բնական գիտությունների իսկական անդամ:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ
2006թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչում
2010թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Երախտագիտության մեդալով”
ԱՅԼ ՊԱՐԳԵՎՆԵՐ
2007թ. պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով
2007թ. Եվրոպայի ակադեմիայի կողմից պարգևատրվել է Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալով:
2010թ. Երկրապահ կամավորների միության կողմից պարգևատրվել է հուշամեդալով:
2011թ. “Փառապանծ մարտիկ” հայրենասիրական միություն ՀԿ-ի կողմից պարգևատրվել է “Փառապանծ մարտիկ” մեդալով:
2011թ. “Փառապանծ մարտիկ” հայրենասիրական միություն ՀԿ-ի կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ” մեդալով:
2012 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ 20 տարի” հոբելյանական մեդալով:
2013թ. ՀՀ առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարի հուշամեդալով:
2013թ. Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել է “Երևան քաղաքի պատվավոր բժիշկ” հուշամեդալով:
2013թ. պարգևատրվել է Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով:
Պարգևատրվել է նաև Մյասնիկյանի, Սպանդարյանի գործադիր կոմիտեների, Առողջապահության նախարարության և Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի համատեղ պատվոգրով, ՀԱՄԽ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության, Արցախի ազատամարտիկների միության նախագահի պատվոգրերով: Շնորհակալական նամակներ է ստացել ՀՀ կառավորության աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ԼՂՀ Մարտակերտի շրջանի
վարչակազմի կողմից:
Կառլեն Եսայանի վախճանից հետո, “Դավիթ Անհաղթ” բժշկական կենտրոն ՓԲԸ կոլեկտիվը` միաձայն որոշմամբ, դիմել է Երևանի քաղաքապետարանին և Երևան քաղաքի ավագանուն պոլիկլինիկան Կառլեն Եսայանի անվամբ անվանակոչելու խնդրանքով: 24.06.2014թ. որոշմամբ, “Դավիթ Անհաղթ” բժշկական կենտրոն” ՓԲԸ-ն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով և ներկայումս գործում է որպես “Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա”:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 491+
491+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)