211652_close_icon
views-count1855 դիտում article-date 15:39 27-05-2016

Ճանապարհաշինության ոլորտում հագեցած տարի է սպասվում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շարունակում է իրականացնել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ ունեցած արդյունքների ու առաջիկա անելիքների մասին զրուցեցինք նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի հետ: - Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և նախատեսված է եղել ավարտել 2017 թվականի մինչև հունիսի 30-ը, որի ընդհանուր արժեքը եղել է 56,2 միլիոն ԱՄՆ դոլար, որից 45 միլիոն ԱՄՆ դոլարը եղել է Համաշխարհային բանկի ֆինանսավորման չափը, իսկ 11,2 միլիոնը՝ ձեռք է բերվել կառավարության համաֆինանսավորմամբ: Հիմնական նպատակը եղել է նշված տարիների ընթացքում հիմնանորոգել շուրջ 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակություն ունեցող համայնքային ճանապարհահատված: Սակայն, ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակներում կվերականգնվի շուրջ 208,3 կմ երկարությամբ ճանապարհահատված` սկզբնական վարկային համաձայնագրով նախատեսված 170 կմ –ի փոխարեն: Ավելին` բացի այս, մնացել է գումարային չափով տնտեսում, և Համաշխարհային բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել ևս մեկ` շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատված ներառել ծրագրում, որը կիրականացնենք այս տարի` 2016 թվականին: Արդյունքում կունենանք նախատեսված վարկային ծրագրից ավել 43 կմ հիմնանորոգած ճանապարհահատված: - Այսքանով ծրագիրը կավարտվի՞, թե շարունակություն է ունենալու: - Ընդհանրապես աշխարհում ճանապարհները յուրաքանչյուր երկրի արյունատար անոթներն են և, եթե արյունատար անոթները փակված լինեն կամ չաշխատեն, այդ երկրի սիրտը, որը տնտեսությունն է, կպարալիզացվի: Ուստի, հաշվի առնելով, որ ծրագիրը շատ արդյունավետ էր և կնպաստի տնտեսության զարգացմանը, ՀՀ կառավարության առաջարկությամբ և Համաշխարհային բանկի համաձայնությամբ որոշում կայացվեց նոր վարկային համաձայնագիր մեկնարկել` 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որը կլինի նախորդ նշված ծրագրի շարունակությունը: Ընդ որում` այն կիրականացվի Համաշխարհային բանկի (40 միլիոն ԱՄՆ դոլար) և պետական բյուջեի (10 միլիոն ԱՄՆ դոլար) համաֆինանսավորմամբ: Նշված ծրագրով այս տարի նախատեսված է չորս մարզերում թվով 7 ճանապարհահատված հիմնանորոգել, որի ընդհանուր արժեքը տվյալ պահին կազմում է 17,25 միլիոն ԱՄՆ դոլար: Ըստ նախագծային փաստաթղթերի՝ վարկային ծրագրով նախատեսված է երեք տարում, այսինքն` մինչև 2019 թվականը ներառյալ, 190 կմ ճանապարհահատված վերանորոգել, որից 61, 2 կմ-ն իրականություն կդառնա այս տարի: - Աշխատանքներն արդեն սկսվե՞լ են: - Արդեն իսկ կայացել է նշված ճանապարհահատվածների համար նախագծային մրցույթը, իսկ այս ամիս կկայանա նաև շինարարական մրցույթը: Ընթացակարգի համաձայն՝ կկնքվի պայմանագիր, որից հետո կտրվի աշխատանքների մեկնարկը: Մասնագիտական վերլուծությամբ նախատեսված է, որ այն կավարտվի մեկ տարի ժամկետում: Կարծում եմ`գրեթե 80-90 տոկոսը կկատարվի այս տարի, որից հետո կընտրվեն հաջորդող տարիների հիմնանորոգման ենթակա ճանապարհներն ու նույն ընթացակարգով նախագծերը ունենալուց հետո կշարժվենք առաջ: - Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվելու այն մարզերը, որտեղ կկատարվեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: - Յուրաքանչյուր ճանապարհ ընտրվում է սահմանված բանաձևի կիրառման արդյունքում, որը բաղկացած է մի շարք ցուցանիշներից (շահառու բնակչության թիվ, աղքատություն, ինտենսիվություն և այլն): ՀՀ վարչապետի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մոտեցումն այնպիսին է, որ որևէ մարզ դուրս չի մնալու ծրագրի շրջանակներից: Համոզված եմ, որ այս գործը հաջողությամբ կպսակվի, և ծրագիրը շարունակական կդառնա: - Անդրադառնանք նաև ծրագրի իրականացման որակին… - Ամենակարևորն այն է, որ ծրագրի որակից որևէ մեկը չի կարող դժգոհել, որովհետև ամենօրյա հսկողություն է իրականացվում ԾԻԳ-ի, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից, որոնց արդյունքները ամփոփում ենք և պարբերաբար զեկուցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: Կյանքն առաջ է ընթանում, տեխնոլոգիաներ են զարգանում, մեր գրեթե բոլոր ճանապարհաշինարարները պարբերաբար ձեռք են բերում նորաոճ, հզոր մեքենա-մեխանիզմներ: Այսօր առաջարկվում են ժամանակակից լուծումներ, որոնց արդյունքում ներկայում ծախսվում են ավելի քիչ դրամական միջոցներ, քան նախկինում: Համոզված եմ, որ հիմնանորոգվող ճանապարհներն սահմանված ժամկետներից ավելի երկար կծառայեն: - Չնայած կատարված ու կատարվելիք լայնածավալ աշխատանքին, ժամանակ առ ժամանակ մամուլի, նաև սոցցանցային ակտիվի կողմից մատնանշվում է այս կամ այն ճանապարհի անմխիթար վիճակը: Մասնավորապես` Վարդենիս-Քարվաճառ, Գորիս-Սիսիան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածները: - Ճանապարհաշինության առանձնահատկությունն այն է, որ երբեք չես կարող նորոգել ու դրա մասին այլևս մոռանալ: Ճանապարհն անընդհատ վերանորոգելու կարիք ունի, որովհետև ժամանակի ընթացքում, բնականաբար, պիտի քայքայվի: Այդուհանդերձ վստահեցնում եմ, որ մեր գրեթե բոլոր ճանապարհները անցանելի են: Ինչ վերաբերում է մատնանշված ճանապարհահատվածներին, ասեմ, որ Մարտունի – Վարդենիս – Սոթք – ԼՂՀ սահման մայրուղու ընդամենը 5 կմ ճանապարհահատվածն է անմխիթար վիճակում: Այն ներառված է Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսված ծրագրում և կհիմնանորոգվի այս տարի: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը մաս է կազմում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի», ուստի` մեծ գումարներ ներդնել դրա հիմնանորոգման համար, հետո քանդել, կլինի գումարի վատնում, հետևաբար պետական բյուջեով նախատեսվել է համապատասխան գումար այն մասնակի վերանորոգելու համար: Իսկ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ 6) ճանապարհահատվածը հիմնանորոգելու նպատակով բանակցություններ են վարվել մի շարք դոնոր կազմակերպությունների հետ: Արդյունքում երկու դոնորի` Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Ծրագիրը կազմում է մոտ 100 միլիոն եվրո, որի մի մասը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի, մյուս մասը` Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Եվրոպական բանկի հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվում են: Նշեմ, որ մեկնարկել է Եվրոպական ներդրումային բանկի հատվածի շինարարական մրցույթը, արդյունքները կամփոփվեն, և այս տարի կսկսվեն 35 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները, որում ներառված են նաև այն երեք թունելները, որոնք ամբողջովին կհիմնանորոգվեն և կնորացվեն` համապատասխանեցնելով ժամանակակից ստանդարտներին: Իսկ մյուս հատվածի շինարարությունը կմեկնարկի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Վերադառնալով քննադատություններին` ի գիտություն նշեմ, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ճանապարհների ամենամյա ամառային և ձմեռային սպասարկման ժամանակահատվածներ, այսինքն` մեծ ցանկության դեպքում էլ չես կարող մինչև ապրիլի 15-ը որևէ ասֆալտապատման աշխատանք կատարել: Եվ սա շատ տրամաբանական է, որովհետև այդ ժամկետը սահմանվել է մասնագիտական վերլուծության արդյունքում` պայմանավորված կլիմայով: Եթե չեղավ համապատասխան եղանակային պայման, բնականաբար, այդտեղ ոչ մի աշխատանք չես կարող անել: Հավելեմ նաև, որ սպասարկման մեջ մտնում են ոչ միայն հիմնանորոգման, այլև փոսալցման, վերանորոգման , ճանապարհների մաքրության, նշագծման և այլ աշխատանքներ: - Ճանապարհներից բողոքող նույն շրջանակը նաև դժգոհում է Համաշխարհային բանկից ձեռք բերված վարկերից: Իրականում սա պետության համար նոր պարտքի ավելացո՞ւմ է, թե՞ ճիշտ հակառակը` բանկի վստահությունը պետության հանդեպ: - Չգիտես ինչու, շատերը, երբ վարկի մասին լսելիս կարծում են, թե այդ վարկը նույնն է, ինչ խանութից` 24-25 տոկոսով ապառիկով ապրանք վերցնելը: Մինչդեռ Համաշխարհային բանկից վերցրած վարկերի տոկոսադրույքը մեկ-մեկուկես տոկոս է կազմում` արտոնյալ ժամկետներով: Եվ չմոռանանք, որ ճանապարհաշինությունն ունի եկամտի հետվերադարձելիության ցուցանիշ` տնտեսական առումով: - Ամփոփելով զրույցը` կարո՞ղ ենք փաստել, որ թե՛ այս, թե մյուս տարվա համար նախատեսված ծրագրերը բնականոն հունով ու ժամանակին իրականություն կդառնան: - Միանշանակ, ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնելու ենք: Բուռն և հագեցած տարի է լինելու ճանապարհաշինության ոլորտում, որը, ճանապարհ առ ճանապարհ առարկայական լուսաբանելու ենք. նախարարի խիստ մոտեցումն է, որպեսզի հանրությունը իրազեկ լինի կատարվող բոլոր աշխատանքների սկզբից, ընթացքից ու ավարտից, որը մշտապես կհանրայնացնենք մեր պաշտոնական կայքի միջոցով:

Նմանատիպ նյութեր