«Բորուսիան» կողմնորոշվել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքի հարցում
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տրանսֆերային ամառային պատուհանի ժամանակ կդառնա եվրոպական մի շարք գրանդ ակումբների հիմնական տրանսֆերային նպատակը:
Հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում առավել շահագրգռված են այս պահին Լոնդոնի «Արսենալը», «Չելսին», ինչպես նաև «Յուվենտուսը»:
Սակայն գերմանական ակումբը` ըստ Bild պարբերականի, չի ցանկանում բաժանվել իր լավագույն խաղացողից: Բոլոր դեպքերում, «Բորուսիան» Մխիթարյանին թույլ կտա այլ ակումբ տեղափոխվել, եթե նրա համար առաջարկեն նվազագույն 60 մլն եվրո:
2015/16 մրցաշրջանում Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 31 խաղում դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ, մի շարք առաջատար մարզական լրատվամիջոցների կողմից ճանաչվել Բունդեսլիգայի տարվա լավագույն խաղացող:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017-ի ամռանը: