211652_close_icon
views-count3475 դիտում article-date 14:22 11-05-2016

Մենք միշտ ձեր կողքին կլինենք. ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը՝ Սերժ Սարգսյանին

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձում ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության անունից, որի նախագահը լինելու պատիվն ունեմ, թույլ տվեք ջերմ ողջույններ հղել «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» կլոր-սեղան քննարկման մասնակիցներին։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է այսպիսի կարևոր քննարկում Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյա հոբելյանին ընդառաջ։ ԵԺԿ-ն հաստատապես Եվրոպական քաղաքական դաշտի անկյունաքարն է։ Եվ ի վերջո, մենք Եվրոպական միության հիմնադիրներից ենք և Եվրոպական ինտեգրման զարգացմանը նպաստել ենք ավելի, քան ցանկացած այլ քաղաքական ուժ։ Մեր կուսակցությունը հանդես է եկել որպես առավել սերտ միության կողմնակից, նպաստել է կոմունիզմի անկմանը և սատարել է ԵՄ ընդլայնմանը` ընդգրկելով նոր անդամ-պետությունների։ Ժամանակի ընթացքում ԵԺԿ-ն դարձավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը։ Այսօր մենք հպարտ ենք, որ ունենք Եվրոպական խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը, նախագահում ենք Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը։ Բայց մենք ներկա ենք Եվրոպական միության սահմաններից անդին։ 40 տարբեր երկրներից 75 անդամ-կուսակցությունների ցանցի շնորհիվ մենք սերտ և արգասաբեր հարաբերություններ ենք հաստատել մեր հարևան երկրների հետ։ Նշենք, որ Շվեդիայի և Լեհաստանի ԵԺԿ կառավարություններն էին, որ նախաձեռնեցին Արևելյան գործընկերության ծրագիրը, և մենք ուրախ ենք որ ԵԺԿ-ական հանձնակատար Յոհանես Հանն է այժմ Եվրոպայի հարևանության քաղաքականության պատասխանատուն։ Մենք հավատացած ենք, որ ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության ամրապնդումը շահավետ է բոլորիս համար։ ԵԺԿ-ի համար կարևոր է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խթանումը, և մենք համագործակցության նոր ուղիներ գտնելու կարիք ունենք։ Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում առկա անվտանգության բարդ իրավիճակի մասին՝ պիտի միասին աշխատենք այն լուծելու ուղղությամբ։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք և կպաշտպանենք ձեր ազատ և ինքնիշխան ընտրությունը և միասին կպայքարենք ձեր երկրներում ժողովրդավարության և բարգավաճման համար: Հայաստանը ԵԺԿ-ի համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում: Ինձ նախորդող Վիլֆրեդ Մարտենսը շատ անգամներ է եղել Հայաստանում: Անցյալ տարի էլ ես այցելեցի ձեր երկիր և հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ԵԺԿ-ն մշտապես սատարել է Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ կապերին, և հավատացած ենք, որ պետք է առավել խորը ուսումնասիրենք երկկողմանի հարաբերությունների հնարավոր շրջանակը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են որակյալ կառավարումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության դերը, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարատատության համակարգի բարեփոխումը, շարժունակության շուրջ գործընկերության իրագործումը և մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված քայլերը: Հարգելի ընկերներ, Դուք այսօր քննարկելու եք, թե եվրոպական քաղաքական ընտանիքներին պատկանելն ինչպես կարող է օգնել հայաստանյան կուսակցություններին: Ես հավատացած եմ, որ ԵԺԿ-ն այս առումով լավ օրինակ է ծառայել` Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների ԵԺԿ կուսակցություններին երկխոսության և համագործակցության հարթակ ապահովելով, որտեղ նրանք հնարավորություն ունեն սովորել ժողովրդավարության խաղի կանոնները ՝ ներառալ ներկուսակցական ժողովրդավարությունը և թե ինչպես համապատասխանել եվրոպական չափանիշներին: Այսպիսով, ես ձեզ կոչ եմ անում քննարկել բոլոր քաղաքական ընտանիքների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը` ի շահ հայ ժողովրդի: Եվս մեկ անգամ հայտնում եմ ԵԺԿ աջակցությունը մեր հայ գործընկներին և կոչ եմ անում բոլոր ներկաներին շարունակել երկրի զարգացման և եվրոպական ուղղվածության համար անհրաժեշտ բարեփոխումները, որոնց թվում են օրենքի գերակայության, արդարադատության համակարգի անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր և հետաքրքիր քննարկում»:

Նմանատիպ նյութեր