211652_close_icon
views-count1897 դիտում article-date 14:06 22-10-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել եվրոպացի ընտրողների սպասելիքները: Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ հետ հետագա համագործակցության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, ՀՀԿ-ԵԺԿ միջկուսակցական կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ինչպես նաև ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնց անդրադարձ կլինի նաև այսօրվա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովում: ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին: Հանրապետության Նախագահը Ժոզեֆ Դոլին ներկայացրել է նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման գործընթացը և մայր օրենքում նախատեսվող փոփոխությունների անցկացման կարևորությունը մեր երկրի համար: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլին պարոն Դոլի այցը Հայաստան և մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին, որով ԵԺԿ Նախագահը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, վերահաստատեց իր և իր գլխավորած կուսակցության հավատարմությունը եվրոպական ինտեգրացիայի հիմքում դրված համամարդկային արժեքներին: Ընդգծելով ԵԺԿ քաղաքական համաժողովի «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի կարևորությունը` Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահին և ԵԽԽՎ-ում ԵԺԿ այն անդամներին, ովքեր միացել են այդ հայտարարությանը: ՀՀ Նախագահն այսօր Մադրիդում կմասնակցի նաև ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:

Նմանատիպ նյութեր