211652_close_icon
views-count1685 դիտում article-date 19:39 23-04-2016

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ

Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ այսօրվա համաժողովի աշխատանքներին մասնակցելու են եկել բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ՝ միանալով ցեղասպանությունների դեմ պայքարին: «Մենք չենք կարծում, որ սա միայն Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքար է: Սա աշխարհում ցեղասպանությունները կանխելու պայքար է»,- նշել է տիկին Նաղդալյանը: Նա հավելել է, որ ցեղասպանությունները կանխելու նպատակով «Հիշում եմ եւ պահանջում» բանաձեւին անհրաժեշտ է «Այլեւս երբեք» կարգախոսի ավելացումը, ինչը ձեւակերպումն ամբողջական կդարձնի: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ վերաբերմունք է ունեցել Դանիայի նկատմամբ. դանիացի միսիոներների շնորհիվ բազմաթիվ հայեր են փրկվել Ցեղասպանությունից: Տիկին Նաղդալյանը փաստել է, որ չնայած բաժին հասած փորձություններին ու ողբերգություններին՝ հայ ժողովուրդը լավատես է ապագայի հանդեպ եւ երախտապարտ է դժվարին ժամանակներում իրեն ձեռք մեկնած եղբայրական ժողովուրդներին: Կարեւորելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովին Դանիայի մասնակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր գոհունակությունն է հայտնել, որ բարեկամ պետությունը շարունակում է պայքարել ցեղասպանությունների դեմ: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության կարեւորությունը: Հանդիպման ավարտին Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի խնդրանքով Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ անդրադարձել ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններին:

Նմանատիպ նյութեր