211652_close_icon
views-count1878 դիտում article-date 17:40 02-04-2016

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմ

Ապրիլի 1-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Առաջնորդարան, որտեղ նրան ընդունել է Թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Հանդիպմանը ներկա են եղել Առաջնորդարանի վարիչ Արմեն Բայրբությանը, Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Գառնիկ Նանագուլյանը և Առաջնորդական փոխանորդ Հայր Սիմեոն Օդաբաշյանը: ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում թեմի կատարած աշխատանքները և մանրամասնել այն բոլոր ձեռնարկները, որոնք իրականացվել են սիրիահայերին օժանդակելու ուղղությամբ: Ողջունելով ներկաներին՝ Հրանուշ Հակոբյանը խոսել է ՀՀ սփյուռքի նախարարության ճանաչողական, գիտակրթական, մշակութային ուղղվածության ծրագրերի մասին և կոչ արել, որ համայնքը նույնպես ակտիվորեն մասնակցի դրանց: Այնուհետև նախարարը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում հաստատված սիրիահայերին ցուցաբերած բոլոր օժանդակությունները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը: «Գործնական առումով շատ արդյունավետ հանդիպում էր. տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ծավալեցինք, հետագա համագործակցության մտքեր փոխանակեցինք, որոնց իրականացմանը երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք հետամուտ լինել,- նշել է Սրբազան Հայրը և հավելել,- Նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Առաջնորդարանում այնքան ջերմ մթնոլորտ է տիրում, որ կարծես իր տան մեջ լինի: Եվ դա իսկապես այդպես է, քանի որ Առաջնորդարանը համայն հայության տունն է»:

Նմանատիպ նյութեր