211652_close_icon
views-count2802 դիտում article-date 22:48 27-03-2016

«Շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտները»․ գիտաժողով

Սանկտ Պետերբուրգի Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի և Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի կազմակերպած գիտաժողովը նվիրված էր շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտների քննարկմանը, որին մասնակցում էին հայաստանյան 100-ից ավել առաջատար մասնագետներ։ Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Գիտաժողովին ելույթ ունեցավ Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի ՄՌՏ գլխավոր մասնագետ Վլադիմիր Կուպլևացկին։ Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետը խոսեց շագանակագեղձի մուլտիպարամետրիկ ՄՌՏ-ի, շագանակագեղձի ճառագայթային հետազոտման Pi-RADS համակարգի մասին: Վլադիմիր Կուպլևացկին ներկայացրեց նաև ՄՌՏ-ով ուղղորդված շագանակագեղձի բիոպսիայի մեթոդաբանությանը, ցուցումներին և հիվանդների ընտրությանը վերաբերող հարցեր: «Այս գիտաժողովն ինձ հետաքրքրեց նաև որպես մասնագետ։ Իմ թեկնածուական և դոկտորական թեզերը նվիրված են շագանակագեղձի քաղցկեղին։ Մասնավորապես` դրա կլինիկական դրսևորումներին և կլինիկական նշանակալի քաղցկեղներին։ Շագանակագեղձի ոչ բոլոր քաղցկեղները կարելի է գնահատել որպես կլինիկական ախտորոշում։ 50 տարեկանից հետո յուրաքանչյուր երրորդ տղամարդու մոտ լինում են քաղցկեղի բջիջներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը հիվանդ են քաղցկեղով։ Նրանցից միայն 8 տոկոսն է հիվանդանում և միայն 1 տոկոսը հետագայում մահանում այդ հիվանդությունից։ Շատ հետաքրքիր ներկայացում էր, թե ինչպես կարելի է ոչ ինվազիվ մեթոդներով` ՄՌՏ-ով ախտորոշել վաղ շրջանում` մինչև անգամ մոտենալ այն հարցի պատասխանին` կլինիկական նշանակություն ունեցող քաղցկեղ է, պե՞տք է անհանգստանալ, թե այն քաղցկեղն է, որի հետ մահանում են և ոչ թե որից մահանում։ Սա սկիզբն է Հայաստանում այս մեթոդի կիրառման, որը թույլ կտա քիչ-քիչ հեռանալ ոչ ինվազիվ հետազոտություններից դեպի ռադիոլոգիական ամանաժամանակակից ախտորոշում։ Ուրախ եմ, որ մեր ռադիոլոգները և ուրոլոգները, որպես առաջադեմ հայացքների տեր մասնագետներ, կարողացել են համատեղել իրենց ջանքերը և այսպիսի հետաքրքիր միջոցառում կազմակերպել»-ասաց նախարարը` պատասխանելով լրագրողների հարցերին։ Նշենք, որ Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է 2003թ. Սանկտ-Պետերբուրգում` լինելով առաջին մասնավոր ՄՌՏ կենտրոնը ՌԴ-ում: Այսօր ԿՀՄԻ ԲԱԿ-ն իր մեջ ներառում է ավելի քան 100 ՄՌՏ և ՀՏ ախտորոշիչ կենտրոն, որոնք միմյանց հետ կապված են հեռաբժշկական ցանցով։ Սանկտ-Պետերբուրգում գործում է 2 ՊԷՏ/ՀՏ և ուռուցքաբանական կենտրոն։ ԿՀՄԻ ԲԱԿ կենտրոններում կատարվում է տարեկան մոտ 1,2 մլն տոմոգրաֆիկ հետազոտություն, իսկ ուռուցքաբական կենտրոնում բուժում է ստանում մոտ 2.000 պացիենտ: ԿՀՄԻ ԲԱԿ Երևանյան մասնաճյուղում 2012թ. մինչև օրս կատարվել է մոտ 40.000 ՄՌՏ և ՀՏ հետազոտություն: Գիտաժողովում զեկույցներ հնչեցին նաև մասնագիտական այլ թեմաներով։

Նմանատիպ նյութեր