211652_close_icon
views-count3410 դիտում article-date 18:45 26-03-2016

Հարությունյանի անվան փայտափողային -դաշնամուրային քառյակը համերգ է ունեցել Բեյրութում

Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպմամբ մարտի 12-ին «Լևոն Շանթ» կենտրոնի «Գ. և Հ. Արմենյան» սրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը: Քառյակի անդամներն են` Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ) ։  Համերգին երաժշտասեր բազմության կողքին ներկա էին նաև «Ալ Բուստան» միջազգային փառատոնի տնօրենը, ի դեպ փառատոնի հրավերով էր Երիտասարդական նվագախումբը ժամանել Բեյրութ, և Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Քառյակը ներկայացրեց Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի , Խաչատրյանի, Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հանդիսատեսը մեծապես գնահատեց այս բացառիկ քառյակի կատարումները և հոտնկայս ողջունեց երաժիշտներին երկար ծափահարություններով։  Նշենք, որ Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։ Քառյակի ստեղծման հիմնական նպատակն է սերունդների միջև կապի ամրապնդումն ու հայ երաժշտական ժառանգության պահպանումը և արժևորումը։ Քառյակի անդրանիկ համերգը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբեր 28-ին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր