211652_close_icon
views-count2893 դիտում article-date 17:47 31-05-2016

Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը Չինաստանում ներկայացրել է նաև հայ կոմպոզիտորների գործեր

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում գործող Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը մայիսի 10-23-ը հյուրախաղերով հանդես է եկել Չինաստանում։ Վեց քաղաքում կայացել են համերգներ, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից։ Այս մասին մայիսի 31-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնել են քառյակի անդամները։ Դաշնակահար Լիլիթ Զաքարյանը նկատեց, որ Չինաստանում հանդիսատեսի մեջ մեծ թիվ էին կազմում երեխաները, ինչը հուշում էր այն մասին, որ այս երկրում մեծ ուշադրություն են դարձնում երեխաների մշակութային դաստիարակությանը։ Ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ համերգների ընթացքում ներկայացրել են Բախի, Մոցարտի, Բիզեի, Չայկովսկու, Պրոկոֆևի, Ռախմանինովի, Բեռնսթայնի, Խաչատրյանի, Հարությունյանի հանրահայտ ստեղծագործությունները՝ փոխադրված հատուկ քառյակի համար, քանի որ այս կազմով քառյակի համար գրված ստեղծագործություններ չկան։ Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանն էլ նշեց, որ քառյակի համար ստեղծագործությունների փոխադրումները կատարել է Անդրանիկ Բերբերյանը։ Եվ այդ բարդ աշխատանքը, ըստ նրա, Անդրանիկ Բերբերյանը կատարել է մեծ պրոֆեսիոնալիզմով։ Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ընդգծեց, որ քառյակը դեռ մեկ տարին չի բոլորել, սակայն հասցրել է ելույթ ունենալ ոչ միայն Չինասատանում, այլև Բեյրությում։ Նախատեսվում է հետագայում հանդես գալ նոր ծրագրով։ Նա նաև նկատեց, որ արդեն կան հայ կոմպոզիտորներ, որոնք ստեղծագործություններ են գրել Հարությունյանի անվան քառյակի համար։   Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ իրենց կոլեկտիվը ստանձնել է հայ կոմպոզիտորների երաժշտությունը ներկայացնելու առաքելություն։ Երիտասարդական նվագախմբի կազմում գործում են մի քանի անսամբլներ, որոնք ակտիվ համերգային գործունեություն են ծավալում։ Եվ ըստ Ա. Տեր-Հովակիմյանի՝ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ լսելով անսամբլների որակյալ կատարումները՝ հայ կոմպոզիտորները գրում են ստեղծագործություններ հատուկ այդ կազմերի համար։ «Չինաստանի հյուրախաղերն անցել են բարձր մակարդակով, և կազմակերպիչները մեծ գոհունակություն են հայտնել, նույնիսկ արդեն բանակցություններ են ընթանում հետագա համագործունեության մասին։ Սա ևս մեկ հնարավորություն է հայ կոմպոզիտորական արվեստն արտասահմանում ցույց տալու»,- նշեց Երիտասարդական նվագախմբի գործադիր տնօրենը։ Նա նաև նկատեց, որ անսամբլների երաժիշտները մեծ ծանրաբեռնվածություն ունեն նվագախմբի կազմում, սակայն, այդուհանդերձ, նրանք կարողանում են ժամանակ գտնել և պատրաստել իրենց ծրագրերը։ Բանախոսներն ընդգծեցին նաև Ալեքսանդր Հարությունյանի դստեր՝ Նարինե Հարությունյանի դերը քառյակի ստեղծման, կայացման գործում, ով առաջին օրից եղել է քառյակի երաժիշտների կողքին։ Ասուլիսում ներկայացվեց նաև քառյակի անդրանիկ ձայնասկավառակը, որը թողարկվել է մայիսին, և որը ներկայացվել է չինաստանյան հյուրախաղերի ընթացքում։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբերի 28-ին։ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազով այս յուրահատուկ անսամբլը թերևս աշխարհում եզակի է, քանի որ նման գործիքների համադրությամբ խումբ գոյություն չունի։

Նմանատիպ նյութեր