Հավակնորդների մրցաշար. Արոնյանը «չսեղմեց» Տոպալովին, իրավիճակը ծայրաստիճան սրվեց
Մոսկվայում կայացավ ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/23/80396/]10-րդ տուրը[/url]: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց մրցաշարի ետնապահ Վեսելին Տոպալովի հետ:
Արոնյանը պարտիայի ընթացքում բավական նպաստավոր դիրք ստացավ, սակայն նրան չհաջողվեց գտնել հաղթանակի հասնելու ճիշտ ուղին և 58-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի:
Տուրի գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Կարուանա-Անանդ պարտիայում: Ամերիկացի գրոսմայստերը վստահ անցկացրեց խաղը և 33-րդ քայլում ստիպեց աշխարհի նախկին չեմպիոնին անձնատուր լինել:
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Այս տուրից հետո մրցաշարային իրավիճակը ծայրաստիճան խճճվեց: 6-ական միավորով առաջատարներ դարձան Կարյակինն ու Կարուանան, նրանցից կես միավորով ետ են մնում Արոնյանն ու Անանդը: Հաշվի առնելով, որ մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր, կարելի է ասել, որ այս չորս գրոսմայստերների մասնակցությամբ յուրաքանչյուր պարտիա եզրափակիչի կարգավիճակ է ունենալու: Մեզ սպասվում է դրամատիկ վերջաբան:
Մրցաշարային իավիճակը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Անանդ, Արոնյան՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:
Մարտի 24-ին կկայանա 11-րդ տուրը. Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:


