Եվրոպայի խորհուրդը կրկին նախազգուշացրել է Ադրբեջանին
Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը մարտի 8-10-ը հարցեր է քննարկել, որոնք վերաբերում էին մարդու իրավունքների պաշտպանության հարցով Եվրոդատարանի որոշումների իրագործմանը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը, այս անգամ խոսքը գնացել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի մասին: Իսկ քննարկման վերջում որոշում է ընդունվել նրա գործով:
Հանձնաժողովը հիշեցրել է նախկինում ընդունված 5 բանաձևերի մասին՝ մտահոգություն հայտնելով, որ մինչ օրս ադրբեջանական իշխանություններն արհամարհում են այդ բանաձևերը և Մամեդովը շարունակում է բանտարկված մնալ:
«ԵԽ նախարարների կաբինետը Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով ևս մեկ անգամ հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը Ստրասբուրգի դատարանի որոշումների և դրանք Ադրբեջանի կողմից իրագործելու պարտավորության մասին, այն է՝ անմիջապես ազատ արձակել Ի. Մամեդովին և ապահովել ֆիզիկական անձեռնմխելիություն, հակառակ դեպքում սպասվում է նոր՝ ավելի խիստ բանաձևերի ընդունում»,-ասված է հայտարարության մեջ: