2271 դիտում
09:22 03-03-2016
«Զինացուցակի հրապարակումը ՌԴ-ի կողմից հարված էր Հայաստանին». «168 Ժամ»
«168» ժամ թերթը գրում է. ««168 Ժամ» թերթի հետ զրույցում Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն անդրադարձել է օրերս Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված սպառազինությունների ցանկի հրապարակման շուրջ առկա անհանգստություններին ու տարաձայնություններին:
Հիշեցնենք, որ օրերս ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որում թվարկում էին այն զինատեսակները, որը Հայաստանը կարող է գնել Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլար վարկով: Ըստ հավելվածի` Հայաստանը Ռուսաստանից գնում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «Սմերչ» կայանքներ և դրա համար նախատեսված զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ, ռադիոհետախուզության «Ավտոբազա-Մ» համալիրներ, հրանետման ՏՕՍ-1Ա ծանր համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Վագր» զրահամեքենաներ, կապի և ինժեներական միջոցներ:
Լիլիթ Գևորգյանի դիտարկմամբ՝ ցանկի հրապարակումն արտասովոր, նույնիսկ զարմանալի քայլ էր, քանի որ Ռուսաստանը նման թափանցիկություն այլ երկրներին զենք մատակարարելիս հազվադեպ է ցույց տալիս: Նրա կարծիքով՝ այս խնդրի վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության հայտարարությունն անուղղակի բացատրեց ցանկի հրապարակման դրդապատճառը: «Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և կշարունակի զենք վաճառել երկուսին: Չնայած ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին թուլացնում է Հայաստանի ազգային անվտանգությունը, և չնայած ՀՀ-ի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորություններին, միևնույն է, Ռուսաստանը որևէ կերպ չի սահմանափակելու ռազմական առևտուրն Ադրբեջանի հետ: Ռուսաստանն Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարն է ներկայումս:
Որևէ հիմք չկա ակնկալելու, որ Ռուսաստանը կամավոր կզիջի ադրբեջանական շուկան մեկ այլ արտահանողի, մանավանդ որ, պաշտոնական Հայաստանը չի ցանկանում կամ անկարող է որևէ կերպ ազդել իր ամենակարևոր դաշնակցի վարքի վրա: Ռուսական տկար տնտեսության համար ռազմական արտահանումները շարունակելը շատ կարևոր են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ոլորտը հատկապես տուժել է արևմտյան պատժամիջոցների թիրախներից մեկը լինելու պատճառով»,- ասաց Գևորգյանը: Վերջինիս դիտարկումներով՝ հայկական կողմը վաղուց արդեն որդեգրել է ռուսական զենքի վաճառքն արդարացնելու դիրքորոշումը: Ուստի Գևորգյանը չի կարծում, թե ՀՀ իշխանությունները կարձագանքեն Բաքվին զինելու ռուսական հավաստիացումներին, կամ Հայաստանին վաճառվող զինացուցակի հրապարակմանը:
«Պաշտոնական Երևանը կնախընտրի, որ ցուցակի հետ կապված էպիզոդն արագ մոռացվի»,- ասաց Գևորգյանը: Բրիտանաբնակ վերլուծաբանի գնահատմամբ՝ զինացուցակի հրապարակումը հարված էր Հայաստանի համար, քանի որ անտեսում է ՀՀ-ի անվտանգության շահերը և «հուշում» Ադրբեջանին, թե ինչ զինատեսակներ կարող է ձեռք բերել Ռուսաստանից»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
13594 դիտում
10:51 31-03-2018
Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար. ռուս փորձագետ. «168 ժամ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան