Իրաքում ՀՀ դեսպան Գրիգորյանը հանդիպել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ
Մարտի 1-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը նախագահ Մասումին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և ՀՀ Նախագահի անունից ցավակցություն հայտնեց փետրվարի 28-ին Բաղդադի Մադինաթ Սադր արվարձանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի արդյունքում զոհվեցին շուրջ 80 և վիրավորվեցին ավելի քան 100 մարդ։
ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ ցանկացած ոտնձգություն և սատարում Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում։
Նախագահ Մասումը շնորհակալություն հայտնեց ցավակցությունների համար և խնդրեց իր ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին։ Նա հայտնեց, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի դարավոր պատմության ողբերգական էջին և անձնապես հասկանում է հայ ժողովրդի դեմ կատարված ոճիրների ծանրությունը՝ միաժամանակ հիշատակելով քրդերի դեմ իրականացված բռնությունները և զանգվածային ոչնչացումները, մասնավորապես՝ Հալաբջայի հայտնի դեպքերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին ու Բաղդադում կայացած նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։