211652_close_icon
views-count49585 դիտում article-date 18:00 23-02-2016

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը միանում է լրագրող Գոհար Վեզիրյանի տեսակետին` Մհեր Սեդրակյան-լրագրողներ հակամարտության խնդրով

Արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է Մհեր Սեդրակյան-լրագրողներ հակամարտությունը: Լրագրողները պնդում են, որ ՀՀԿ-ական պատգամավորն իրենց նախիր է կոչել, պատգամավորն էլ հերքում է տեղի ունեցածը, ասելով` չկա դրա տեսաձայնագրությունը: Եվ իսկապես տեսաձայնագրության մեջ չի լսվում նախիր բառը: Բայց մի խումբ լրագրողներ պնդում են, թե ասել է ու վերջ: Հիմա այսօր ակցիա է լինելու, ստորագրահավաքին միացած լրագրողները ինչ-ինչ պահանջներ են ներկայացնելու, համապատասխան կազմակերպություններն երեկ արդեն ներկայացրել են իրենց հորդորը` վայր դնել պատգամավորական մանդատը եւ այլն, եւ այլն: Եվ սա տեղի է ունենում ՄԻՊ թեկնածուի ընտրության չափազանց կարեւորագույն փուլում: Փոխանակ ԱԺ-ում հենց սա դառնար երկրի կարեւորագույն իրադարձությունը, օրվա լրահոսի առաջին հորիզոնականում են հայտնվել լրագրողներն ու Մհեր Սեդրակյանը` անպտուղ բանավեճով: Եվ քանի որ մեզ առիթ է ընձեռնվել մտորելու լրագրողական համայնքի ու նրա արժանապատվությունը ոտնահարած պատգամավոր (ներ)ի մասին, ուրեմն` անկեղծորեն բացենք փակագծերը: Ոչ վաղ անցյալում Ազգային ժողովում լրագրողներ-պատգամավոր հարցուպատասխանի բոլորովին այլ ձեւաչափ էր գործում: Նախ պատգամավորներն իրենք էին «մարդ մեջ գցում», որ հայտնվեն լրագրողների ուշադրության կենտրոնում: Ընդ որում` այդ պատգամավորներն ասելիք ունեցող մարդիկ էին, որոնց հետ կարելի էր խոսել շատ կարեւոր բաներից: Հաջորդ օրը տպագրվող թերթերը երբ համեմատում էիր, ասելիքի նյութն այնքան շատ էր լինում, որ լրագրողներն իրար չէին էլ կրկնում: Այսօրվա ԱԺ-ում ասելիք ունեցողներ գրեթե չկան: Լրագրողներն էլ առհասարակ այսօր արդեն չեն սիրում «լուրջ հարցազրույցներ» անել, որովհետեւ դրանք շանս չունեն ամենադիտվածների շարքում հայտնվելու: Եվ ուրեմն` ամենադիտված հարթություններում տեղ զբաղեցնելու համար մնում է դիմել էքսցենտրիկ վարք ունեցող պատգամավորների օգնությանը: Այլապես` օրինակ, ինչպես բացատրել այն իրողությունը, որ օրը 100 անգամ մեր լրագրողները լուրջ դեմքով մոտենում են Սամվել Ալեքսանյանին, Սեյրան Սարոյանին, Մհեր Սեդրակյանին, Շմայսին ու մնացածներին` փորձելով նրանց ներքաշել անհասկանալի զրույցների մեջ: Տարիներ առաջ Ալեքսանյանն ու նրա տեսակի պատգամավորները (Ռուբեն Հայրապետյան, Լեւոն Սարգսյան, Ալրաղացի Լյով եւ այլք), իրենք էին երազում, որ լրագրողները կարեւորեն իրենց անձն ու մոտենան մեկնաբանություն ստանալու: Ընդ որում, այս մարդիկ այնքան էին կարեւորում լրագրողին ու նրա մասնագիտությունը, որ Դուք-ից բացի ջանում էին գրական այնպիսի բառապաշարով հագեցնել հետաքրքրությունդ, որ ժամանակ առ ժամանակ սկսում էիր վերանայել այդ անձերի շուրջ պտտվող լեգենդները: Այսօր, սակայն, այլ է իրավիճակը: Ու մեծ հաշվով մենք` լրագրողներս ենք մեղավոր ստեղծված իրավիճակում: Ես` որպես լրագրող, հարգում եմ այն լսարանը, որի համար աշխատում եմ: Իմ լսարանը ինձ պատվեր չի իջեցրել ամեն օր «կայֆեր վառելու» որոշ պատգամավորների վրա ու հետո այդ ամենը ներկայացնելու որպես լուր կամ հարցազրույց: Իմ լսարանը չի ների իմ այդ վարքագիծը, իմ լսարանն այլ պատվեր է իջեցրել, ու ես պարտավոր եմ հարգել նրա պահանջարկը: Ամեն բան գրելուց առաջ նախեւառաջ հարց տվեք ինքներդ ձեզ` ձեր այդ հրապարակումը կարող է գեթ մեկ մարդու համար ինչ-որ բան փոխել կամ նշանակել: Եթե ոչ, ուրեմն` դուք լրագրող չեք: Չգիտեմ ինչ եք, բայց ոչ լրագրող: Երեկ զանգահարում էին ինձ ու տարակուսանք հայտնում` ինչպես չեմ միացել Մհեր Սեդրակյանի դեմ ստորագրահավաքին: Ես դա չէի արել նաեւ այն ժամանակ, երբ Մհեր Արշակյանը հայտնվեց Մհեր Սեդրակյանի տեսադաշտում: Ես այլ մոտեցում ունեմ: Չեմ սիրում ձայնը գցել գլուխս ու օգտվել լրատվության մարդու իմ ռեսուրսից: Չեմ էլ սպասում, որ գրանտով սնվող կազմակերպությունները սկսեն պաշտպանել ինձ: Գործընկերներիս ստորագրահավաքն էլ խիստ երկրորդական է դառնում: Վիրավորողին պատասխանում եմ տեղում ու չեմ էլ թողնում, որ Էթիկայի հանձնաժողովում նրան արդարացնեն ու ինձ մեղադրեն: Շատ զբաղված եմ նման բան ինձ թույլ տալու համար: Իմ լսարանը չի կարող հասկանալ` ինչու եմ արժանապատվությանս մասին հարցը գերկարեւորել, ինչու եմ նրան սպասարկելու հարցը դրել մի կողմ ու անցել իմ հաշիվները հրապարակայնացնելուն: Միայն ես չէ, որ այդպես եմ վարվում: Այդ դասը ինձ տվել են ավագ սերնդի իմ գործընկերները` չչարաշահել լրագրությունը ու այն չծառայեցնել անձնական շահերին: Ինչ վերաբերում է վիրավորված արժանապատվությանը, ապա, հավատացեք, Էթիկայի հանձնաժողովն այն մարմինը չէ, որտեղ կարելի է հարցը լուծել: Ինչ անել ուրեմն` ես ունեմ իմ մոտեցումը: Վերջին դեպքը հիշեցի, երբ ինձ ասացին` մի վնգստա, ես պատասխանեցի` վնգստում ես դու, այ բոմժ, գերդաստանիդ հետ միասին: Հետո պատգամավորը սկսեց իր ոտնահարված արժանապատվության մասին հարցազրույցներ տալ, իսկ ես շարունակեցի բնականոն աշխատանքս առանց լալահառաչ տեքստերի ու անօգուտ ստորագրահավաքների: [b] ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր