211652_close_icon

3 դատավոր, չծանուցված վկաներ, չներկայացված ապացույցներ․ Ներսես Քոսոյանի գործը կրկին ձգձգվում է

views-count934 դիտում article-date 14:17 28-11-2025
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր քննվում էր թմրանյութի իրացման ենթադրյալ դեպքով գործ։

Ըստ ներկայացված մեղադրանքների՝ Ներսես Քոսոյանը մեղադրվում է 2018 թ. մարտի 3-ին 0.0331 գրամ, 2018 թ. մարտի 6-ին՝ 0.078 գրամ, 2018 թ. հունիսի 13-ին՝ 4.16 գրամ քաշով թմրանյութի ապօրինի իրացում կատարելու համար։

2020 թվականի մայիսի 13-ից սկսած՝ տվյալ անձի վերաբերյալ քրեական վարույթը գտնվում է դատարանում՝ գործի քննության փուլում։ Գործի ընթացքում արդեն երեք դատավոր է փոխվել, և վարույթը քննել են երեք տարբեր նախագահող դատավորներ: Չնայած նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, կիրառվել է միայն 2025 թվականի մարտից, պաշտպան Ինգա Ավագյանը անհրաժեշտ համարեց ընդգծել.

«Գործը քննող երեք դատավորների նախագահությամբ իրեղեն ապացույցների դատական հետազոտությունը փաստացի չի իրականացվել։ Սա պայմանավորված չէ այն հանգամանքով, թե գործը չի հասել համապատասխան փուլին, այլ այն, որ դատաքննության ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ ապացույցների հետազոտման կարգում։ Մասնավորապես՝ փոխվել է վկաների հարցաքննության և իրեղեն ապացույցների ուսումնասիրության ընթացակարգը, որի արդյունքում դատարանում նախատեսված իրեղեն ապացույցների հետազոտումը մինչ օրս չի կատարվել»։

Պաշտպանը նշեց, որ բազմիցս պահանջել են, որպեսզի իրեղեն ապացույցները ներկայացվեն դատարան.«Դրանք կարող են փոխել մեղադրանքի ծավալը, բնույթը կամ առնվազն հստակեցնել մեղադրանքի հիմքերը։ Մենք չենք բացառում, որ դրանց ներկայացումից հետո մեղադրող կողմը կարող է վերանայել իր դիրքորոշումը»։

Նիստի ընթացքում դատավոր Վահե Ջիվանյանը հայտարարեց, որ թմրանյութն այդպես էլ դատարան չի ուղարկվել։ Հանրային մեղադրողը նշեց, որ նույն իրեղեն ապացույցը առկա է նաև մեկ այլ քրեական գործի նյութերում։ Ավագյանը հակադարձելով հիշեցրեց, որ նախորդ նախագահող դատավորների վարույթում իրեղեն ապացույցները ոչ միայն չեն ներկայացվել, այլև այդ պատճառով դատարանը որոշումներ էր կայացրել ապացույցների հետազոտման կարգը փոխելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով պարզելու դրանց գտնվելու վայրը և ապահովելու դրանց ներկայացումը դատարան։ Սակայն արդեն մի քանի նիստ այդ պահանջը չի կատարվում։

Պաշտպանի խոսքով՝ վկաների մի մասին հնարավոր չէ հայտնաբերել, ինչի հետևանքով դատաքննության բնականոն ընթացքը կրկին վտանգված է։

«Այս անգամ ևս չենք կարող բացառել դատավորի հնարավոր փոփոխությունը, ինչի դեպքում գործը նորից կդառնա հետաձգումների ենթակա»,- հավելեց Ավագյանը։

Չնայած պաշտպանական կողմի առարկություններին՝ դատարանը որոշեց, որ պահպանվում են մեղադրյալի կալանքը շարունակելու հիմքերը, և Ներսես Քոսոյանի կալանքի ժամկետը երկարացրեց ևս երեք ամսով։

Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր