3220 դիտում
09:41 09-02-2016
Ինչու է ԱՄՆ-ն ամրացնում հայ-վրացական սահմանի անվտանգությունը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հարավկովկասյան բոլոր երկրները բոլոր ուղղություններից պետք է ամրացնեն իրենց անվտանգությունը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը հատուկ միջոցներ է տրամադրելու Վրաստանին՝ Հայաստանի հետ սահմանն ամրացնելու համար: Մասնավորապես՝ նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիում՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության և Միացյալ Նահանգների՝ Արտաքին վտանգների նվազեցման գործակալության միջև:
Ըստ վերոնշյալ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Վրաստանի՝ Հայաստանի հետ սահմանին լրացուցիչ աշտարակներ են կառուցվելու, տեղադրվելու են գիշերային հսկման սարքավորումներ, նաև սահմանապահ ծառայությունը հագեցվելու է այլ տեխնիկայով ևս:
Միաժամանակ նշվում է, որ որպես առաջնահերթություն է լինելու վրաց-հայկական սահմանի «Քասումելո» և «Քեդա» սահմանային հատվածների ամրացումը: Այս ծրագրի համար Միացյալ Նահանգները Վրաստանին տասը միլիոն դոլար է տրամադրելու: Սա համացանցային քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ: Տեսակետներ հնչեցին, թե վրացական կողմը Հայաստանից զգուշանում է:
Չնայած նման տեղեկություններին, տարածաշրջանային անկայունությանը, ինտեգրացիոն տարբեր ուղիներին, Սոսո Ցինցաձեի խոսքով, Հայաստանն ու Վրաստանը կայուն կերպով պահպանում են իրենց հարաբերությունների խաղաղ դինամիկան, ինչի ապացույցն էր նաև վերջերս Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի այցն ու արդյունավետ բանակցությունները հայկական կողմի հետ:
Ըստ նրա, այցի ընթացքում հստակ ամրագրվեց, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմական համագործակցության ոլորտում ևս բարձր մակարդակ ունեն, թեև այս ոլորտում Վրաստանի համագործակցությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ևս բարձր է, որի առիթով Հայաստանում որոշ մտահոգություններ կային: Ցինցաձեի համոզմամբ, այս այցը պետք է որ վերացրած լինի հայաստանյան այդ անհանգստությունները, քանի որ վրացի նախարարի հետ քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը և այն, թե ինչպիսին է Վրաստանի մոտեցումը: Վրացի քաղաքագետի վստահեցմամբ, քննարկվել է նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության հարցը, որի ընթացքում, վստահաբար, հայկական կողմին տրվել են խոստումներ, որ այդ համագործակցությունը երբեք Հայաստանի դեմ չի լինի:
«Սակայն Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Վրաստանն ապագայում կլինի ՆԱՏՕ անդամ, թեև դրան փորձում է խոչընդոտել Ռուսաստանը: Սա անպայմանորեն չի նշանակում, որ Ռուսաստանը հայկական ուղղությունը կարող է օգտագործել Վրաստանի դեմ հնարավոր նոր հակամարտության ընթացքում, Ռուսաստանը չի կարող այս ուղղությունն օգտագործել, ինչի ականատեսը մենք ռուս-վրացական պատերազմի ժամանակ ենք դարձել:
Սակայն Ռուսաստանն ամեն առիթի դեպքում խոսում է ՆԱՏՕ-ից սպասվող վտանգի մասին, ռուս-թուրքական հարաբերությունները ևս վտանգավոր փուլում են, տարածաշրջանային զարգացումները դինամիկ ընթացք են ստացել, իսլամական ահաբեկչության սպառնալիքն է մեծացել, և յուրաքանչյուր երկրի համար կարևորվել է սեփական անվտանգության ամրապնդումը, հատկապես, եթե այդ երկիրը ձգտում է ՆԱՏՕ անդամակցության, իր տանիքի տակ ունի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն, պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը սեփական ամբողջական անվտանգության համար: Այնպես որ, ԱՄՆ-ի ծրագիրն այս տեսանկյունից պետք է դիտարկել: Սրանք նախազգուշական վերջին քայլերն են, հատկապես, երբ կա նաև իսլամական սպառնալիք, թեև՝ ոչ հայկական կողմից, այնուամենայնիվ, ահաբեկչության վտանգը մեծ է, և դա ցանկացած ուղղությունից կարող է սպառնալ»,- նման կերպ մեկնաբանեց նոր սկսվող ծրագիրը Սոսո Ցինցաձեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2133 դիտում
10:25 24-12-2016
Անկախ ռուսական կամքից հայ-վրացական հարաբերություններն ընթանում են իրենց հունով. «168 ժամ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան