Անունը կլինի Վարդուշ, թե Հայկուշ, ԲՀԿ-ն կոալիցիայի թեման փակել է. Նաիրա Զոհրաբյան
Վարդո՞ւշ, թե՞ Հայկուշ. ԲՀԿ-ն կոալիցիայի թեման փակել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա հերքեց, թե կուսակցության ներսում իր պաշտոնանկության գործընթացներ են սկսել Միքայել Մելքումյանն ու կուսակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը, որոնք այսօր Զոհրաբյանի հետ ներկայացել էին ճեպազրույցի:
«Այստեղ նստած են իմ գործընկերները, որոնց անունը շոշափվում էր այն կոնտեքստում, թե նրանք պատրաստվում են ինձ պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես գալ: Այո, նախնական քննարկումներ, որ գուցե արժե ունենալ՝ Հանրապետական կուսակցության բաց առաջարկն ընդունելու վերաբերյալ և այս փուլում գնալ համագործակցության: Սա ասել են մեր որոշ գործընկերներ, որոնք թաքուն չեն ասել իրենց տեսակետը, այլ հրապարակային: Եվ կա տեսակետ, որը պաշտպանում եմ ես, որ կոալիցիա մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները չպիտի գնալ: Ես կարծում եմ, որ սա կլինի շատ ավելի ազնիվ մեր քաղաքացիների նկատմամբ»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ինքը առանձնապես չի հավատում մեկ տարիանոց կոալիցիաներին: