Կարևորը մարզչի գործոնն է. Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Աշոտ Ավոյան
Աշոտ Ավոյանը Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն է, Ստոկհոլմի, Դուբայի, Թբիլիսիի բաց առաջնությունների հաղթող, մի շարք այլ առաջնությունների մրցանակակիր: Որպես Հայաստանի ազգային հավաքականի անդամ Աշոտը մասնակցել է Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին:
Այսօր կզրուցենք Աշոտի հետ իր անցած ճանապարհի և Հայաստանում կարատեի զարգացման մասին:
[b]Աշոտ, կարատեն կարող է՞ արդյունավետ ինքնապաշտպանության միջոց լինել: [/b]
Իհարկե: Հատկապես շոտոկան ոճի կարատեն մեծ ուշադրություն է դարձնում այն հնարքներին, որոնք օգտագործվում են ինքնապաշտպանության ժամանակ: Շատերը կարատեով սկսում են զբաղվել հենց ավելի ինքնավստահ դառնալու, հանցագործներից պաշտպանվելու նկատառումներով: Անձամբ ինձ համար կարատեն ավելի շատ ինքնազարգացման մեթոդ է, քան ինքնապաշտպանության:
[b]Երբ փոքր էիք, մտածու՞մ էիք, որ Ձեր կյանքը կապելու եք կարատեի հետ: [/b]
Ես կարատեով սկսել եմ զվաղվել 10 տարեկանից մարտարվեստների մասին կինոնկարների ազդեցության տակ: էդգար Վաղարշակայանը եղել է իմ արաին մարզիչը, նրա շնորհիվ ես սկսել եմ իմ քայլերը մեծ սպորտում,որի համար երախտապարտեմ նրան : Այն ժամանակ իհարկե ստույգ պատկերացում չունեի, թե որքան ժամանակ կզբաղվեմ կարատեով կամ ինչ նպատակներ
իմ առջև կդնեմ: Բարեբախտաբար ես աշխատել եմ լավ մարզիչների հետ, որոնք ինձ ուղղորդել են ճիշտ խորհուրդներով:
[b]Ո՞րն է ամենաարժեքավոր խորհուրդը, որ ստացել եք մարզչից: [/b]
Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Արման Մակյանի հետ աշխատանքները: Իր վարքագծի և գործի մոտեցմամբ նա լավ մարզիկի և մարզչի նմուշ է, որին կարելի է պարզապես ընդօրինակել: Նա ինձ սովորեցրեց, որ մարզիկը առաջին հերթին պետք է կենտրոնանա լավ պատրաստվելու վրա, և ամոթ չէ պարտվելը, եթե արել ես քեզնից կախված ամեն ինչ հաղթանակի համար:
[b]Ո՞ր հաղթանակն եք համարում Ձեր ամենակարևոր նվաճումը[/b]
Ինձ համար թանկ են ինչպես Հայաստանի առաջնության չեմպիոնությունները, այնպես էլ միջազգային մրցաշարերում հաջողությունները: Օրինակ՝ Ստոկհոլմի բաց առաջնությունում հաղթելը հիշարժան է, որովհետև առաջին մեծ հաջողությունն էր իմ կարիերայում, իսկ Դուբայի Ալ Ահլի մցրաշարում հաղթանակը ինձ դժվար տրվեց և այդ պատճառով ինձ համար ավելի արժեքավոր է:
[b]
Ձեր կարծիքով ե՞րբ կարատեն կդառնա օլիմպիական մարզաձև[/b]
Սպասվում է, որ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիադայում կարատեն արդեն ներկայացված կլինի որպես մարզաձև: Այդ հարցով վերջնական որոշումը պետք է կայացվի 2016թ. օգոստոսին: Լավատեսության հիմքեր կան, որովհետև աշխարհում կարատեով զբաղվում է մոտ 100 միլիոն մարդ, որոնցից 10 միլիոնը մարզիկներ են, և ընդհանրապես կարատեն շատ դիտարժան մարզաձև
է: Մյուս կողմից, գոյություն ունեն կարատեի տարբեր ոճեր և տեսակներ, և առայժմ պարզ չէ, թե որ ոճը ներկայացված կլինի: Ամենայն հավանականությամբ, Օլիմպիադայում ներկայացված չի լինի, այսպես կոչված, ֆուլ կոնտակտ կարատեն, որը չի սահմանափակում հարվածների ուժգնությունը և շատերի կողմից վտանգավոր է համարվում:
[b]Հայաստանում մարտարվեստներով զբաղվում են հիմնականում երեխաները և պատանիները: Արդյոք կա՞ն այնպիսի մարտարվեստներ, ոճեր, որոնք նախընտրելի են երեխաների համար: [/b]
Ծնողներին ես խորհուրդ կտամ որոշում կայացնելիս հիմնականում հաշվի առնել մարզչի գործոնը, ոչ թե այս կամ այն մարտարվեստի անվանումը: Երեխաների մարզիչը պետք է ունենա հատուկ հմտություններ, որոնք պարտադիր չեն մեծահասկների մարզչի համար: Նա պետք է լինի վստահելի մասնագետ, որը կզբաղվի երեխայի դաստիարակությամբ, նրան կսովորեցնի ոչ միայն պաշտպանվել, այլ նաև դառնալ ավելի լավ մարդ՝ լինել կարգապահ, ինքնավստահ, ազնիվ,
հարգալից, պատասխանատու անձնավորություն:
[b]Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ մարզիկներին[/b]
Երիտասարդ մարզիկներին խորհուրդ կտամ հիշել, որ սպորտի մեջ, ինչպես և կյանքի մեջ, կարևոր է ունենալ որոշակի առօրյա ռեժիմ և հետևել դրան: Մեծ հաջողությունների հասնում են փոքր քայլերով, և կարևոր է ամեն օր նման փոքր քայլ կատարել:
Շնորհակալություն հարցազրույցի համար:
[b]Հոդվածի հեղինակ Հ.Հայրապետյան[/b]