211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Զովունիում. ջուրը ողողում է մի ամբողջ ճանապարհ՝ բնակիչներին պատճառելով անհարմարություններ. որոշ վարորդների պատճառով էլ երեխաները վախենում են փողոց դուրս գալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count29828 դիտում article-date 13:40 07-07-2025
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ պատկան մարմինները տևական ժամանակ է՝ անտերության են մատնել 39 փողոցում բնակվող բազմաթիվ բնակիչների խնդրանքը: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ամեն օր նշված փողոցը վերածվում է Վենետիկի: 

Բնակիչները չգիտեն՝ խմելու, ոռոգման թե կոյուղու ջրեր են դրանք:
 
Փողոցի հարևանությամբ կա դպրոց, մանկապարտեզ, խանութներ, ու մարդիկ մեծ դժվարությամբ են տեղաշարժվում, քանի որ տիրում է նաև հակասանիտարական վիճակ:
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներից մի քանիսը նշում էին. 
 
«Արդեն ոչ միայն հոգնել, այլև զզվել ենք պատկան մարմիններին խնդրի վերաբերյալ տեղեկացնելուց. ոչ մի դրական արդյունք: 
 
«Վեոլիա ջուրը» ասում է՝ դա իմ գործը չէ, մենք էլ չգիտենք՝ որ կառույցին դիմենք:
  
Մի քանի անգամ Զովունիի գյուղապետն է փորձել հնարավորության սահմաններում հարցը լուծել, սակայն ինչպես տեսնում եք՝ չի կարգավորվում: 
 
Հիմա ուզում ենք դիմել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որպեսզի ինքը էս գործին խառնվի և վստահ ենք՝ գուցե սայլը տեղից շարժվի: 
 
Ծնողները երեխաներին էս փողոցը գրկած են անցկացնում: Մնում է՝ տոնավաճառներից փչովի նավակներ գնենք, դրանով «յոլա» գնանք, ու պատկերացնենք, թե մենք էլ ենք աշխարհով մեկ շրջում, մտածենք, թե գտնվում ենք Վենետիկում: 
 
Ջուրը անգամ մարդկանց տների նկուղներն է լցվում, կուտակվում մուտքերի մոտ ու այս պահին էլ չգիտենք՝ որ կառույցը մեզ օգնության ձեռք կմեկնի: 
 
Բավականին լուրջ խնդիր է նաև այն, որ այս ճանապարհը, որն ամբողջությամբ ավերակ էր, Կառավարության շնորհիվ հիմնովին նորոգվել ու ասֆալտապտվել է: 
 
Ցավոք, մեր ուրախությունը կարճ տևեց, քանի որ որոշ վայ-վարորդներ էս փողոցը վերածել են մի իսկական ավտոռալիի, այնպիսի դժոխային արագությամբ են վարում, որ ամառվա այս տապին երեխաներին չենք թողնում՝ դուրս գան փողոց:

Ուզում ենք դիմել նաև պատկան մարմիններին, որպեսզի հաշվի առնեն մարդկանց անվտանգությունը ու նշված փողոցում գոնե 2 արհեստական անհարթություն տեղադրեն, ինչը վստահ ենք՝ որոշ չափով զսպաշապիկ կհանդիսանա իրենց Շումախերի տեղը դրած վարորդների համար, իսկ եթե հարցը չլուծվի, ինչքան էլ չուզենք, էստեղ վայ-վարորդների պատճառով վրաերթեր տեղի կունենան: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր