211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ պարեկները օպերատիվ տվյալներով հայտնաբերել են վթարված «Mercedes»-ը, որը փորձում էին դեպքի վայրից հեռացնել․ 7 վիրավորներից 3-ը անչափահասներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count10570 դիտում article-date 18:26 06-07-2025
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սառնաղբյուր-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կան բուժօգնության դիմած քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Աղասի Առաքելյանի գլխավորությամբ պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սառնաղբյուր-Մարալիկ ավտոճանապարհի 5-րդ կամ հատվածում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները վթարի վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը քաղաքացիները փորձել են քարշակի միջոցով հեռացնել դեպքի վայրից։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի 27-ամյա Հռիփսիմե Օ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բուժօգնության տեղափոխված անձանց ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր