211652_close_icon

Հակահայկական բանաձևը մեծ հարված կհասցներ ԵԱՀԿ-ի հեղինակությանը, ինչն այսօր ձեռնտու չէ Գերմանիային. «Ժամանակ»

views-count1234 դիտում article-date 08:46 28-01-2016
«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկված հակահայկական զեկույցների ընդունումը կամ մերժումը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի հաղթանակն է, այլ Գերմանիայի ջանքերի արդյունքը: Այս կարծիքին է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը: Մեզ հետ զրույցում նա հիշեցրեց, որ Գերմանիան այս տարի ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը եւ ձգտում է անել ամեն ինչ հակամարտության գոտիներում նոր էսկալացիայից խուսափելու համար: «Ակնհայտ է, որ եթե բանաձևն ընդունվեր, դա մեծ հարված կհասցներ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի հեղինակությանը, ինչն այսօր ձեռնտու չէ Գերմանիային»,- ասաց Գերասիմչուկը: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստին, քվեարկության էին դրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որը մերժվեց ձայների՝ դեմ 70, կողմ՝ 66 և ձեռնպահ՝ 45 հարաբերակցությամբ, ինչպես նաև Բոսնիայի և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի տարածքների ջրազրկումը Լեռնային Ղարաբաղի կողմից» բանաձևի նախագիծը, որին կողմ քվեարկեցին 98, դեմ՝ 71, ձեռնպահ՝ 40 պատվիրակ: Բանաձևերի ընդումանը կողմ էին քվեարկել Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները, իսպանացիներ, ֆրանսիացիներ, հույներ, սերբեր, բելգիացիներ, այլ երկրների ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ Ուոլթերի և Մարկովիչի զեկույցների ընդունմանը կողմ են քվեարկել Ուկրաինայի և Վրաստանի պատվիրակության բոլոր անդամները: Մեր զրուցակիցը մասնավորապես Ուկրաինայի դիրքորոշումը բացատրում է մի քանի գործոններով: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի արբանյակ պետություն, և Կիեւը, փաստացի պատերազմի մեջ լինելով Մոսկվայի հետ, աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուկրաինացիների պատկերացմամբ՝ դեմ են Ռուսաստանի շահերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր