211652_close_icon
views-count1476 դիտում article-date 15:32 29-12-2015

Մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թվականը մեր երկրի համար հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով, բայց և նվաճումներով: Դժվար է, իհարկե, հակիրճ ամփոփել տարին բնութագրող երևույթները: Առանձնացնեմ երեք կարևորագույնները: Առաջինը տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լրջագույն մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ: 2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ 3 տոկոս՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ու փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Աճ կա արդյունաբերությունում՝ 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 11.6 տոկոս, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0 տոկոս: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4.1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով: Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով անկման պարագայում: Պահանջարկի նման նվազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է, որ ցույց է տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը: Երկրորդ կարևորագույն նվաճումը, որ կուզենայի ընդգծել, սահմանադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողովրդական քվեարկության արդյունքում սահմանադրական փոփոխությունների ընդունումն էր: Հանրաքվեով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հավանության արժանացած նախագիծն անկասկած արժեքավոր հիմք է ծառայելու մեր հայրենիքի բարեկեցության ու կայուն զարգացման համար: Առավելապես կարևորում եմ այն, որ սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերակատարումը, ստեղծվում են խորհրդարանական վերահսկողության իրականացման իրապես արդյունավետ մեխանիզմներ` բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը: Երրորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն էր: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության կազմում է: Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և գնալով ավելի լայն աշխարհագրություն: Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել է շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի լոկ երկու տոկոսանոց անկում: Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են՝ միանալով ԵՏՄ-ին, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների՝ ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը 2015թ.-ի դեկտեմբերին սկսեց նոր լայնածավալ բանակցություններ Եվրամիության հետ, որի շրջանակներում քննարկելու ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր՝ ուղղված մեծացնելու մեր փոխգործունեությունը Եվրամիության անդամ երկրների տնտեսությունների հետ: Վստահ եմ, որ 2016 թվականին մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու, ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության մեծացման, ժողովրդի բարեկեցության համար: Եվ դա անելու ենք մենք բոլորս միասին համատեղ ուժերով»:

Նմանատիպ նյութեր