1253 դիտում
19:59 23-12-2015
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը
Այսօր խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որին ներկա էին կառավարության անդամները` վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի առաջարկությամբ լիագումար նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զոհված զինծառայողների:
Խորհրդարանի նիստի աշխատանքները վերսկսվել են նախորդ նիստին ընդմիջված ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմամբ: «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նախարարը նշել է, որ դեկտեմբերի 16-ի նիստից հետո խորհրդարանի խմբակցությունների և պատգամավորների կողմից կառավարությանն է ներկայացվել թվով 19 հարց-առաջարկություն: Ընդհանուր առմամբ, միայն քաղաքացիական պաշտպանության ոլորտին լրացուցիչ գումարների հատկացման վերաբերյալ առաջարկությունն է ներառվել 2016թ.-ի պետական բյուջեի նախագծում:
Բյուջեի մասին իրենց տեսակետներն են հայտնել Ազգային ժողովի խմբակցությունները:
Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը` արձագանքելով նաև 2016 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խմբակցությունների հայտնած տեսակետներին և հնչեցրած մտահոգություններին:
Ա. Հարությունյանը նշել է, որ 2016 թվականին երկրում մեկնարկելու են մի շարք նոր ծրագրեր, նախատեսվում է նաև հիդրոէներգետիկայի, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի բարձր ցուցանիշների ապահովում:
Ելույթի վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԺ պատգամավորներին ակտիվ և արդյունավետ քննարկումների համար:
Լիագումար նիստը շարունակվել է նախորդ նիստին քննարկված ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծին ուղեկցող օրենքների նախագծերի քվեարկությամբ:
Պատգամավորներն ընդունել են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փաթեթները:
Խորհրդարանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:
Օրակարգային հաջորդ հարցը` ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի նախագիծն էր, որը Ազգային ժողովին է ներկայացրել ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Պատգամավորները հավանություն են տվել ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների և երկրորդ ընթերցմամբ ներկայացման ժամկետները երկարաձգելու մասին ԼՂՀ ԱԺ որոշմանը:
Խորհրդարանը 27 կողմ ձայնով ընդունել է նաև ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
Օրակարգի եզրափակիչ հարցը ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամների նշանակումն էր, որը, օրենքի համաձայն, տեղի է ունեցել գաղտնի քվեարկությամբ: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռամելա Դադայանը հրապարակել է քվեարկության արդյունքները, համաձայն որի` իրավաբան անդամների թեկնածուներ Շուշանիկ Հայրապետյանը (29 կողմ) և Արսեն Սառաջյանը (32 կողմ) նշանակվել են ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամներ:
Խորհրդարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ անդամներին և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նստաշրջանը փակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգով:
Նմանատիպ նյութեր
581 դիտում
15:37 10-06-2015
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը
2191 դիտում
21:55 30-06-2016
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստը
990 դիտում
18:09 05-05-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
Այս բաժնից
1105 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
940 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1225 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild